ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Ենթակառուցվածքային նախագծերն ու էներգետիկան Հայաստանի և Չինաստանի համագործակցության առաջնահերթ ուղղությունների շարքում են։ Այսօր Պեկինում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը։
Փաշինյանը Պեկին է մեկնել` մասնակցելու ՉԺՀ նախագահի կազմակերպած «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին։ Սա առաջին նման միջոցառումն է, որին մասնակցում են նաև Սինգապուրի, Հնդկաստանի, Հունաստանի, Շրի Լանկայի և Կամբոջայի նախագահները։
«Սա ինքնին արդեն հետաքրքիր փաստ է, որ Հայաստանը հրավիրված է մասնակցելու երկխոսությանը, նման բարձր մակարդակի համաժողովին», – ասաց Թաշչյանը։
Նա նշեց, որ արդեն տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը, իսկ մայիսի 15-ին բանակցություն և աշխատանքային ճաշ է նախատեսված ՉԺՀ պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ։
Թաշչյանի խոսքով` Չինաստանն աշխարհի երկրորդ տնտեսությունն է, և բնականաբար, արդեն իսկ այս փաստը կարևորում է մեզ համար Պեկինի հետ տնտեսական համագործակցությունը։
Սա հսկայական շուկա է և բարենպաստ վայր մեր ապրանքների համար։ Բացի այդ, Չինաստանի հետ հարաբերությունները կարևոր են` հաշվի առնելով երկրի հզորությունը, այդ թվում` ՄԱԿ–ի ԱԽ–ի մշտական անդամակցությունը։
«Այսօր արդեն նշմարվեցին մեր համագործակցության ռազմավարական ուղղությունները։ Դրանք ընդգրկելու են ենթակառուցվածքային ծրագրեր, էներգետիկայի ոլորտ, հանքաարդյունաբերական ոլորտ։ Խոսվեց մեր ապրանքները չինական շուկայում առաջ մղելու խնդրի մասին, և չինական կողմը պատրաստակամություն հայտնեց աջակցել այդ առումով», – ասաց Թաշչյանը։
Նրա խոսքով` դա վերաբերում է կոնյակին, գինուն, գյուղատնտեսական ապրանքներին, Հայաստանի մասնակցությունը տարբեր առևտրական միջոցառումներին, որոնք թույլ կտան ներկայացնել սեփական արտադրանքը։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ շեշտը պետք է դնել ենթակառուցվածքային նախագծերի վրա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Չինաստան է մեկնել մայիսի 14-ին։