ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Եթե դուք հայերեն կատակ անեք չինացիների մոտ, ապա կարող եք հայտնվել նույն դրության մեջ, ինչ սևամորթ ոստիկանը «Պիկ ժամը» ֆիլմից։ Ի պատասխան նրա կատակների` չինացի գործընկերը քար լռություն է պահպանում։ Բայց հանկարծ պարզվում է, որ նա շատ լավ խոսում է անգլերեն, ուղղակի ցույց չի տվել։
«Ուրեմն դու անգլերեն խոսո՞ւմ ես։ Դու ինձ խաբեցիր», – կադրում գոռում է Քրիս Թաքերը։ «Ոչ։ Այդ դու ես այդպես որոշել», – հազիվ նկատելի ժպիտով պատասխանում է Ջեքի Չանը։ Եվ բազմանշանակ հավելում. «Ասելու բան չունենալ և չասել նույնը չէ»։
Ինչպես երևում է, Չինաստանն ասելիք ունի։ Եվ ոչ միայն անգլերենով, այլ նաև հայերենով։ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությունը չի սահմանափակվում ներդրումներով։ Չինաստանի իշխանությունները հասկացել են, որ տեղացիների հետ լեզու գտնելն ավելի հեշտ է, երբ խոսում ես նրանց լեզվով։
Ուստի հիմա ՉԺՀ–ը հազարավոր նոր ուսանողներ է ուղարկում` յուրացնելու այնպիսի անծանոթ լեզուներ, որոնց մասին միլիոնավոր չինացիներ նույնիսկ չեն լսել, նշում է South China Morning Post–ը։
2013թ.–ից չինական ընկերությունները «Մետաքսե ճանապարհի» ծրագրում ներդրել են մոտ 50 միլիարդ դոլար։ Չինաստանում կարծում են, որ ծրագրում ընդգրկված երկրների գործարարների և պաշտոնյաների հետ չի խանգարի շփվել հենց իրենց լեզվով։
Թերթը գրում է, որ դրա օգտակարությունն առաջիններից մեկը ստուգել է ուսանողուհի Խե Յանը ։
«Երբ ես հայերեն եմ խոսում, ինձ հետ ավելի բարյացակամ են վերաբերվում։ Իսկ խանութներում կարողանում եմ գին գցել», – ժպտալով ասում է նա։
2012թ.-ին նա ընդունվել է Պեկինի միջազգային հետազոտությունների համալսարան։ Աղջիկը ցանկացել է դիվանագետ դառնալ Չինաստանի ԱԳՆ ռուսալեզու կորպուսում։
Մերի Կնյազյանը բանասեր է Հայաստանից, նա աշխատում է Պեկինի համալսարանում։ Այնտեղ նա հայոց լեզվի դասեր է տալիս։ Քանի որ ուսանողներն ավելի շատ են, ուստի մտածում են ոչ թե հայերենի հատուկ դասընթաց վարել, այլ առաջին անգամ Չինաստանում բակալավրիատում հայերենի ծրագիր ունենան։
Դասախոսական սեփական կազմ են ուզում հավաքել, ուստի Երևան են ուղարկել Խե Յանին, իսկ նրա հետ` ևս մի ուսանողի։ Վերադառնալով հայրենիք` նրանք հայոց լեզու կդասավանդեն իրենց համալսարանում։
Բայց Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը միայն քաղաքական չէ (ի վերջո, չինացիները մեքենաներ չեն, այլ կենդանի մարդիկ)։ Մերի Կնյազյանի մի քանի ուսանողները որոշել են իրենց աչքերով տեսնել Հայաստանը։ Վերադառնալուց հետո նրանք ծանոթների մոտ «գովազդել» են այն ամենը, ինչ տեսել են։ Դրանից հետո Կնյազյանի ուսանողներն ավելացել են։
Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները մեծ միջոցներ են ներդնում Հայաստանում իրենց լեզուն տարածելու համար։ Երկրի խոշոր բուհերում գործում են չինարենի լսարաններ, իսկ 2018թ–ի աշնանը Երևանում բացվել է դպրոց, որտեղ խորացված դասավանդում են չինարեն։