Ինչի՞ մասին են խոսել Փաշինյանն ու Ալիևը. վարչապետի մամուլի քարտուղարի մեկնաբանությունը

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահների ոչ պաշտոնական շփումը, ինչպես կանխատեսվում էր, կայացել է Բրյուսելում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բրյուսելյան զրույցի մանրամասները։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Չինաստանից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Բրյուսելում «Արևելյան գործընկերության» հոբելյանական միջոցառումների շրջանակում կարճ շփում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հրավիրվել էին ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 10-ամյակի կապակցությամբ կազմակերպած տոնական ընթրիքին։

«Այո, իսկապես մի սեղանի շուրջ էին գտնվում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Տեղի է ունեցել կարճ շփում, քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը, ոչ խորացված քննարկում է տեղի ունեցել։ Այսինքն` իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակում», – ասաց Կարապետյանը։

Կարապետյանը հիշեցրեց, որ կողմերի միջև մշտական կապ կա, խողովակ, որի միջոցով ամենօրյա ռեժիմով տեղեկությունների փոխանակում է տեղի ունենում։

Հիշեցնենք, որ Փաշինյան–Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը կայացել էր Վիեննայում։ Ավելի վաղ նրանք շփվել էին միայն ոչ պաշտոնական հանդիպումների շրջանակում միջազգային ֆորումների ժամանակ։