Հայտնի է` ինչն է եղել 20 տարեկան զինծառայողի մահվան պատճառը

Ժամկետային զինծառայողի մահվան առնչությամբ քրեական գործ է հարուցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը, ըստ նախնական տվյալների, մահացել է մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու ՝ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասի գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։

Նա նշել է, որ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմանում ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը՝ ծնված 1999թ.-ին։