Հայկական բանակը 21 միավոր մաշված զրահատեխնիկա է հանել շահագործումից

Հին տեխնիկան որպես ջարդոն կվաճառեն, իսկ այդ գումարով հակաականային ուսուցանող ծրագրեր կանցկացնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik.  Հայաստանի Զինված Ուժերը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի պահանջով 21 միավոր զրահատեխնիկա հանել է շահագործումից։ Այս մասին ասվում է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Հայաստանը լուրջ հաջողություններ է գրանցում ռազմարդյունաբերության ոլորտում. պատգամավոր

2017 թվականի դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության հետ համաձայնագիրը։ Ըստ փաստաթղթի` Հայաստանը պետք է վերացնի 140 միավոր մաշված զինամթերք ու 21 միավոր մաշված զրահատեխնիկա։ Դրա համար Գերմանիան 1,5 միլիոն եվրո է տրամադրել ՆԱՏՕ–ի հավատարմագրային հիմնադրամին։

Աշխատանքի ավարտը հաստատել է բազմազգ տեսչական խումբը Գերմանիայից` բրիգադային գեներալ Բրաունշտայնի գլխավորությամբ։

Անպետք զրահատեխնիկան կքանդեն ու որպես ջարդոն կհանձնեն, ինչից ակնկալվում է ստանալ մոտ 100 հազար դոլար։ Այդ գումարով անվտանգության կանոններ են սովորեցնելու քաղաքացիներին։

Հիշեցնենք` Հայաստանը 2005 թվականից համագործակցում է ՆԱՏՕ–ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում։ Հայաստանը խորհրդատվություններ է անցկացնում տարածաշրջանային անվտանգության հարցով, կատարելագործում է պաշտպանական բյուջեի ծրագրումը, մասնակցում է  սեմինարներին։ Հայ զինվորականները մասնակցում են խաղաղապահ առաքելություններին Լիբանանում, Աֆղանստանում ու Կոսովոյում։