ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Նիկոլայ Գրիգորյանն ընդունել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի առաջարկը՝ լինել մարզպետի խորհրդական: Այս մասին փրկարար ծառայության գեներալ–մայորը տեղեկացնում է Facebook-ի իր էջի միջոցով:
«Գործունեությանս ոլորտն՝ անվտանգություն. աղետների ռիսկի կառավարում, քաղպաշտպանություն, ճգնաժամային կառավարում և հաղորդակցություն, անվտանգային հարցերով հանրային իրազեկում, բնակչության պաշտպանություն բոլոր տեսակի ռիսկերից»,- գրել է Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Տավուշի մարզը ունի 350 կմ միջպետական սահման, որից 300 կմ՝ Ադրբեջանի հետ. հակառակորդն այստեղ հաճախ է դիմում սադրանքների:
Ըստ նրա մատնանշած ծրագրերի՝ մարզում հեռուստատեսություն և ռադիո պիտի ստեղծվեն, լրագրողներ պիտի ուսուցանվեն-պատրաստվեն: Ինչպես Գրիգորյանը շեշտել է գրառման սկզբում՝ նրան շարունակում են գրավել ոչ թե ընդդեմ, այլ հանունական ծրագրեր-երազանքները:
«Սահմանամերձ համայնքներում լիքը գործ կա. այստեղ մթնոլորտը ստեղծագործական է ու ստեղծարար: Բաց եմ ու համագործակցելի ամենատարբեր ֆորմատներով: Ապրում և ստեղծագործում եմ Իջևանում»,- նշել է փրկարար ծառայության գեներալ-մայորը:
Նա նաև տեղեկացրել է, որ մայիսի 17-ին Լաստիվեր հյուրանոցային համալիրում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մամուլի ասուլիս կտա իր պաշտոնավարման 100 օրվա առիթով: