Այսօրը պատմության մեջ. մայիսի 14

Ինչ նշանավոր իրադարձություններ են տեղի ունեցել մայիսի 14 ամսաթվի տակ, ովքեր են ծնվել կամ ովքեր մահացել, ամբողջը` Sputnik Արմենիայի այս սյունակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Սկսենք հյուսիսային հարևաններից. բարեկամական Վրաստանում մայիսի 14-ը ազգային տոն է՝ Թամար թագուհու հիշատակման օրը՝ Թամարոբան: Թամար թագուհին (1166-1213թթ), որ վրաց եկեղեցու կողմից սրբադասվել է, գահակալել է 1184-ից մինչև մահը: Նա երևելի պետական գործիչ է եղել, ում գահակալությունը սերտորեն կապված է եղել նաև հայ իշխանների, հատկապես՝ Զաքարյան իշխանական տոհմի ներկայացուցիչների հետ: Զաքարյանները կարողացել են ազատագրել Հայաստանի զգալի մասը, ըստ էության վերականգնել ինքնիշխան պետականությունը՝ Վրաստանի հետ սերտ դաշնակցությամբ:

Այսօր նաև Իսրայելի անկախության օրն է (անկախությունը հռչակվել է 1948թ. մայիսի 14-ին):

Իսկ ահա 1993 թվականի մայիսի 13-ին հայտարարվեց ԱՊՀ տնտեսական միության ստեղծման մասին: Մեր ընթերցողներին, թերևս, հարկ չկա հիշեցնել, թե ինչից հետո ձևավորվեց այն կազմակերպությունը, որը կոչվում է Անկախ պետությունների համագործակցություն:

Մայիսի 14-ին ծնված հայրենակիցների շարքում նախ, կցանկանայինք նշել ԽՍՀՄ հերոս, գեներալ-մայոր Անդրանիկ Ղազարյանին (1904-1992):

Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում

Մայիսի 14-ին է ծնվել լրագրող Ռոբերտ Մավիսակալյանը (1940-2003), որը, ինչ խոսք, նկատելի հետք է թողել հայրենի հեռուստալրագրության ասպարեզում: Կազմակերպչական և ղեկավար աշխատանքից բացի, Ռոբերտ Մավիսակալյանը, շարունակական ստեղծագործական մոտեցմամբ, եղել է մի ամբողջ շարք հիշվող հեռուստահաղորդումների հեղինակ և վարող, այդ թվում՝ «Հինգշաբթի», «15 օր», «Երեկո շոուն Ռոբերտ Մավիսակալյանի հետ» և այլն:

Նոր տոմարով մայիսի 14-ին է նաև գիտնական, միջուկային էլեկտրոնիկայի մասնագետ Եկատերինա Չախմախսազյանի ծննդյան օրը: Նրա անունը, վստահաբար, հիմնականում այդ ոլորտի գիտնականներին է ծանոթ: Դա, թերևս հասկանալի է, եթե նկատի ունենանք, թե ինչ բնագավառում է մասնագիտացել Եկատերինա Չախմախսազյանը, առավել ևս, որ մի քանի տարի աշխատել է հանրահայտ դարձած, բայց ժամանակին անհայտ ու փակ «Արզամաս-16»-ում:

Նրա գիտական աշխատանքները վերաբերում են միջուկային սարքաշինությանը, միջուկային զինամթերքի մշակման և ստեղծման, միջուկային զենքի անվտանգության հարցերին:

Ինչպես միջուկային ֆիզիկան սպանեց երիտասարդ ֆիզիկոս Հարրի Դաղլյանին

Միայն այն, որ Եկատերինա Զախմախսազյանը «Ստալինյան մրցանակի» դափնեկիր է ու նաև «Կարմիր դրոշի» և «Պատվո նշան» շքանշանների ասպետ, հուշում է, թե ինչ կարևորության ծառայություններ է մատուցել: Առհասարակ, նման մարդկանց մասին է պետք ֆիլմեր նկարել, այլ ոչ թե՝ ում պատահի:

Ի դեպ, կինոների մասին: Ավելի ճիշտ՝ ռեժիսորների: Մայիսի 14-ին է ծնվել ամերիկյան հայտնի ռեժիսոր, նաև սցենարիստ և պրոդյուսեր Ռոբերտ Զեմեկիսը (ծնվ. 1952), եթե կուզեք՝ Ռոբերտ Լի Զեմեկիսը:

Բավական է ասել, որ ի շարս բազմաթիվ այլ կինոնկարների, նա «Ֆորեսթ Գամփ», «Լքվածը», «Քարով սիրավեպ» ֆիլմերի և «Բևեռային ճեպընթաց» մուլտֆիլմի ռեժիսորն է:

Այսօրվա հետ կապված հիշարժան այլ իրադարձություններ էլ կան, բայց եթե ուզում եք հիշել, թե կոնկրետ անցած տարի ինչ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում և աշխարհում, կարող եք սեղմել այս հղումը։