ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ԱԺ նախագահ Արարատ միրզոյանը հանդիպել են խորհրդարանում։ Աշոտյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում»
«Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության մի շարք հարցերին: Առավել մանրամասն, հասկանալի պատճառներով, ներկայացնելու կարիք չկա: Հանդիպման ընթացքից և արդյունքներից գոհ եմ»,– գրել է նա:
Աշոտյանն ավելացրել է, որ հանդիպումը գաղտնի չէր, ԱԺ-ում գաղտնի հանդիպումներ չեն լինում, առնվազն մի քանի տասնյակ մարդ տեսնում է:
«Անկախ քաղաքական տարաձայնություններից, կան պետական և ազգային կարևորության հարցեր, որոնց հետ կապված «ուսադիրներս» ոչ միայն ներում են գործող իշխանության հետ քննարկել երկրի համար արդիական հարցեր, այլևս պարտադրում են շարունակել ծառայությունս Հայրենիքին»,– եզրափակել է Աշոտյանը։
«Փաստ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, որ օրեր առաջ ԱԺ-ում է եղել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը շտապել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակ: