ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Երևանում «Աթենք» ՍՊԸ-ի առաքիչների ու «Ախթամար» ռեստորանի մենեջերի վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. առաքիչներն ու մենեջերը բերման են ենթարկվել: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել մայիսի 12-ին։ Ժամը 01։00-ի սահմանում ոստիկանության կենտրոնական բաժինն ահազանգ է ստացել, որ Երվանդ Քոչար փողոցի 6 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում։
Ոստիկանները նշված հասցեից բերման ենթարկել Կոտայքի մարզի Բջնի գյուղի բնակիչ՝ 25-ամյա Ղազար Ղազարյանին, Չարենցավան քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարեն Պետրոսյանին, Կոտայքի մարզի Բջնի գյուղի բնակիչ, 24-ամյա Արման Գևորգյանին, Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ, 30-ամյա Մհեր Գրիգորյանին, Արարատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Մարկ Եղոյանին և Երևանի բնակիչ՝ 28-ամյա Միշա Մարտիրոսյանին։
Կայքի տեղեկություններով` նրանք վիճաբանել են միմյանց հետ, հետո վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքներ։
Ըստ պարբերականի` Ղ. Ղազարյանը, Մ. Մարտիրոսյանը, Կ. Պետրոսյանն աշխատում են «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչներ, իսկ Ա. Գևորգյանն աշխատում է «Ախթամար» ռեստորանային համալիրում՝ որպես մենեջեր։