Վահե Բուդումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Փոխնախարարը հայտնել է, որ բոլոր հաստատված, ընթացիկ ծրագրերն ուժի մեջ են և չեն կարող կասեցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին Բուդումյանը գրել է Facebook–ի իր էջում։

«Վարչապետի որոշմամբ ազատվել եմ նախարարի տեղակալի պաշտոնից։ Ինչու՞ եմ ազատվել. հաշվի առնելով, որ մշակույթի նախարարության Կրթության և գիտության նախարարությանը միավորվելու համատեքստում իմ թեկնածությունը չի դիտարկվում նախարարի տեղակալի համար, ազատման դիմում եմ ներկայացրել, որը հաստատվել է»,–գրել է նա։

Իսկ թե ով է լինելու իր փոխարեն` Բուդումյանը չի կարող ասել, սակայն հույս ունի, որ նա, ում կվստահվի գրահրատարակչության, գրադարանների և մամուլի ոլորտների համակարգումը, լիարժեքորեն և արդյունավետ կերպով կիրականացնի նախարարության քաղաքականությունը։ Փոխնախարարը հայտնել է նաև, որ բոլոր հաստատված, ընթացիկ ծրագրերն ուժի մեջ են և չեն կարող կասեցվել։ Ամեն դեպքում` դրանք, ըստ նրա, կարող են և պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով տարեվերջյան արդյունքները։

Փոխնախարարը, այնուամենայնիվ, տեղեկացրել է, որ բոլոր հաստատված, ընթացիկ ծրագրերն ուժի մեջ են և չեն կարող կասեցվել։

Հիշեցնենք` նոր օրենքով ՀՀ կառավարությունը կազմված է լինելու հետևյալ նախարարություններից` Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: