ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Պետք է ենթադրել՝ Մալայան ակնաբուժական կենտրոնում վեց պացիենտի՝ ինֆեկցիայի ու տեսողության որոշակի կորստի պատճառը դեղի օգտագործման կանոնների խախտումն է: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար ասաց Թորոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել. մի քանի օր առաջ, ըստ նախնական տեղեկության, «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացած Avastin դեղամիջոցը ներարկվել է 6 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած. միայն լույսն ու ստվերն են տարբերել։
«Դեղերի փորձագիտական կենտրոնն այժմ ուսումնասիրում է դեղը՝ պարզելու ինֆեկցիայի պատճառը: Սակայն դեղի մասով մեր ունեցած տեղեկություններով՝ այն ներմուծվել է պատշաճ, սերիան համապատասխանել է գրանցման պայմաններին: Այսինքն՝ պետք է ենթադրել, որ դեղի օգտագործման կանոնների խախտումն է ինֆեկցիայի պատճառը, ոչ թե դեղի կիրառումն առհասարակ»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է «Նատալի ֆարմի» հայտարարությունը, որ դեղը նախատեսված չէ ներակնային ներարկման համար, ապա Թորոսյանը հայտնեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության թույլտվության մեջ ներառված է դեղի՝ ներակնայինի ներարկումը:
Նրա խոսքով՝ եթե ինֆեկցիայի պատճառը լինի բուժաշխատողների անփույթ վերաբերմունքը, ապա այն կունենա իր հետևանքները: Նախարարը մեկ ուշագրավ տեղեկություն էլ հայտնեց. դեղը գնելու ՀԴՄ-ի մեջ (որը ներկայացվել է նախարարությանը) ոչ թե «Նատալի ֆարմը», այլ բոլորովին այլ դեղատուն է նշված: Իսկ թե որ դեղատնից է այն ձեռք բերվել՝ նախարարը չբացեց փակագծերը:
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում Մալայան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանն ասել էր, թե դեռ հաստատված չէ որ հիվանդներին ներարկված դեղամիջոցը գնվել է հենց «Նատալի ֆարմ» ընկերությունից։