ՌԱԴԻՈ

Դավթյան. «Այսօր շատ վաղ է խոսել միասնական շուկայի, առավել ևս՝ գազի գնի նվազեցման մասին»

Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է գազի սակագնի նվազեցման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը։
Sputnik
Դավթյան. «Այսօր շատ վաղ է խոսել միասնական շուկայի, առավել ևս՝ գազի գնի նվազեցման մասին»

Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է գազի սակագնի նվազեցման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանն ՌԲԿ-ի հարցազրույցում ասել էր, որ ռուսական գազի գինը նվազեցնելու տեղ կա։ Ըստ Վահե Դավթյանի, վարչապետն ավելի շուտ նկատի է ունեցել նման հնարավորության հեռանկարը, քանի որ ներկայում գազի սակագինն իջեցնելու հնարավորություն չկա։

Ռուսական գազի գինը նվազեցնելու տեղ կա. Փաշինյան

«Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ տարածքում որևէ ընդհանուր սակագնային քաղաքականության մասին խոսք լինել չի կարող»,-ասում է էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետը։

Ըստ Դավթյանի,  այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում ԵԱՏՄ-ում, իրականում մեծ հույս չեն ներշնչում, որ 2025 թվականին կստեղծվի միասնական գնագոյացման սխեմա։

«Կարծում եմ այսօրվա դրությամբ շատ վաղ է խոսել միասնական շուկայի, առավել ևս՝ գազի գնի նվազեցման մասին»,-նշում է փորձագետը։

Դավթյանի կարծիքով, Հայաստանի մի փոքր իդեալիստական մոտեցումը եվրասիական ինտեգրացմանը, մասնավորապես ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորմանը, այնքան էլ արդարացված չէ, և այդ հարցում պետք է մի փոքր ավելի պրագմատիկ դիրքերից հանդես գալ։

Ռուսաստանն ու Հայաստանը պատրաստվում են համաձայնեցնել մինչև 2030 թվականը Հայաստանի գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեմաները։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին այս մասին հայտնել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն։