Փաշինյանի կառավարության անդամներից քանի՞սն են ծխում. նախարարը հստակ թվեր է նշում

Կառավարության անդամներից ոմանք ծխախոտից հրաժարվել են առողջապահության նախարարի հորդորով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Հայաստանի նոր կառավարության անդամներից միայն 3-ն են ծխում, այսինքն՝ 20 տոկոսը, ինչը շատ լավ ցուցանիշ է: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` ամփոփելով իր պաշտոնավարման 1 տարին։

«Եթե մենք կարողանանք ազգովի հասնել այդ ցուցանիշին, ապա ավելի առողջ կլինենք։ Հակածխախոտային միջոցառումները ոչ միայն այսօրվա ծխողներին չծխող դարձնելու միտում ունեն, այլ ավելի շատ ապագա ծխողներին չծխող դարձնելուն, այսինքն` ավելի շատ դեռահասներին է ուղղված։ Ճիշտ է` ծխելը թողնելը հեշտ է, բայց շատ ավելի հեշտ է ծխել չսկսելը»,–ասաց նախարարը։

Նա հայտնեց նաև, որ այսօր կառավարությունում հանրային վայրերում ծխելու դեմ օրենսդրական փաթեթն են քննարկելու, և հույս ունի, որ առաջիկա կառավարության նիստին օրենքը կընդունվի։

Հարցին, թե եղե՞լ են կառավարության մեջ մարդիկ, որ թողել են ծխելը` իր հորդորով, նախարարը պատասխանեց` այո, եղել են, սակայն անուններ տալ չի կարող, քանի որ նրանց համաձայնությունը չունի։