Նազիկ Ամիրյանն ի՞նչ կապ ունի. մանրամասներ Մանվել Գրիգորյանը դռնփակ դատական նիստից

Tert.am –ում որոշ մանրամասներ են հայտնվել Մանվել Գրիգորյանի ու նրա կնոջ` Նազիկ Գրիգորյանի դատական նիստում արած հայտարարություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Մանվել Գրիգորյանն ու նրա կինն իրենց մեղավոր չեն ճանաչել։ Tert.am կայքին որոշակի տեղեկություններ են հայտնի դարձել Գրիգորյանների նկատմամբ դատական դռնփակ նիստից։

Ըստ պարբերականի` ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն ասել է.«Ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Ինչ բամբասանք լսել են, գրել են: Յոթ տեղակալ ունեմ, ասում են՝ Նազիկ Ամիրյանն է օգնել, Նազիկ Ամիրյանն ի՞նչ կապ ունի»:

Մանվել և Նազիկ Գրիգորյանների դատական նիստից լրագրողներին դուրս հանեցին

Նրա կինը` Նազիկ Ամիրյանը ևս չի ընդունել մեղադրանքը` այն «մտացածին» որակելով:

Tert.am -ին հայտնի է դարձել նաև, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանը դռնփակ նիստի ընթացքում միջնորդել է իր պաշտպանյալին տեղափոխել հիվանդանոց՝ ինսուլինի չափաբաժին ստանալու համար:

Միջնորդություն է եղել նաև դատական նիստը հետաձգելու մասին, որը բավարարվել է:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 4-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր երեքշաբթի օրերին:

Հիշեցնենք` այսօր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ընթացքում դատարանը ճշտել է ամբաստանյալների ինքնությանը վերաբերող անձնական տվյալները և այդ պատճառաբանությամբ մերժել դատական նիստը հեռարձակելու, տեսա և լուսանկարահանելու, ինչպես նաև ձայնագրելու մասին լրատվամիջոցների միջնորդությունը։

Դատարանը հատուկ զգուշացրել էր, որ այս որոշմանը չենթարկվելը կարող է պատասխանատվության խնդիր առաջացնել։