Մարտի 1-ի դատն ընդհատվեց. ներկաները դահլիճից հեռացան «ազատություն» և «ամոթ» վանկարկելով

Քոչարյանի փաստաբանները կարծիք հայտնեցին, որ դատավորը բավարար չափով չի ծանոթացել գործի նյութերին։ Գլխավոր դատախազի մուտքը դահլիճ նրանց մոտ կասկածներ էր առաջացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին։ Միջնորդությունը դատական նիստում ներկայացրեց փաստաբան Հայկ Ալումյանը, որը մասնավորապես հայտնեց, որ դատավորը բավարար չափով չի ծանոթացել գործի նյութերին, ու ինքն էլ չի մերժել այդ փաստը։

Հայկ Ալումյանը նաև հարց ուղղեց դատավորին, թե ինչու է ՀՀ գլխավոր դատախազը դատարանի դահլիճ մտել դատավորի ծառայողական մուտքից։

Մարտի 1-ի գործով դատական նիստը մեկնարկեց. Քոչարյանի որդին ներկա է հոր դատին

«Նա ձեր աշխատասենյակից էր գալիս»,– ասաց Ալումյանը` կարծիք հայտնելով, որ այդ հանգամանքը վկայում է դատավորի անկողմնակալ չլինելու մասին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը նշեց, որ դատավորը պարտավոր չէ հետևել, թե ով որ մուտքով է մտնում նիստերի դահլիճ, դա իր պարտականությունը չէ և վստահեցրեց, որ դատական նիստից առաջ ինքը դատախազ Դավթյանի հետ չի զրուցել։

Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը քննարկելու ու որոշում կայացնելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Աշխատանքային օրվա ավարտը հաշվի առնելով` դատավորը հայտարարեց, որ այն կհրապարակվի արդեն վաղը` մայիսի 14–ին, ժամը 12։30–ին։

Դատավորի այս հայտարարությանը դատարանի դահլիճում ներկա Քոչարյանի կողմնակիցները դժգոհությամբ արձագանքեցին և դահլիճից հեռացան «ազատություն» և «ամոթ» վանկարկելով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան– Նոր Նորքի նստավայրում այսօր մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործով դատական նիստը։

Այս նիստում դատարանը քննարկելու է ամբաստանյալների կալանքի տակ մնալու նպատակահարմարության հարցը։ 4 ամբսատանյալներից միայն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ է ընտրվել այս խափանման միջոցը, այդ է պատճառը, որ մնացած 3 նախկին պաշտոնյաները դատական նիստի մասին չեն ծանուցվել և ներկա չեն դատական նիստին։ Դատախազական թիմը դատարանում գլխավորում է ՀՀ ԳԴ Արթուր Դավթյանը։

Նշենք, որ դատարանի բակում հավաքված են Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմադիրները։

Ոստիկանները փորձում են կանխել նրանց միջև ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող ընդհարումները։