Մարտի 1-ի գործով դատական նիստը մեկնարկեց. Քոչարյանի որդին ներկա է հոր դատին

Ամբաստանյալներից դատարան է ներկայացել միայն Ռոբերտ Քոչարյանը։ Դատախազներին առաջնորդում է գլխավոր դատախազը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն անձնական վրեժխնդրություն է։ Այսօր դատարանում Մարտի 1-ի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։

«Ես հույս ունեմ, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ արդար որոշում կլինի, պնդում եմ, որ մեղադրանքը անձնական վրեժխնդրություն է։ Բնականաբար, համամիտ ենք հորս ու մեր պաշտպանների ասածների հետ։ Այդ ամենը տեսնում ենք, բազում փաստեր են եղել, որոնք ապացուցել են մեր տեսակետը», - ասաց նա։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան– Նոր Նորքի նստավայրում քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործով դատական առաջին նիստը։

Մարտի 1-ի գործով դատական նիստը մեկնարկեց. Քոչարյանի որդին ներկա է հոր դատին

Ամբաստանյալներից դատարանում ներկա է միայն Ռոբերտ Քոչարյանը, որի մուտքը ներկաները ծափերով ողջունեցին։

Դատախազական թիմը դատարանում գլխավորում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։