Կովերը կշատանան Հայաստանում. կառավարությունն արտոնյալ վարկեր կտրամադրի գյուղացիներին

Կառավարությունը կհատուցի նոր ֆերմաների ստեղծման ծախսերի 50%–ն ու ցեղական կովեր գնելու համար 2% տոկոսադրույքով վարկ կառաջարկի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Հայաստանի կառավարությունը ֆինանսապես կօգնի ժամանակակից անասնաշենքերի շինարարության ու ցեղական կովեր գնելու հարցում։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը` ներկայացնելով երկու ծրագրերը։

Կառավարությունը գյուղացուն առաջարկում է խելացի անասնագոմեր կառուցել

Աջակցությունը հնարավոր կլինի ստանալ գյուղատնտեսության նախարարութան երեք նախագծերից մեկով անասնագոմ կառուցելու դեպքում։ Այդ ժամանակ ներդրած գումարի կեսը հնարավոր կլինի հետ ստանալ պետությունից։ Իսկ սահմանամերձ գյուղերի բնակիչներին ու պատերազմի վետերաններին պետությունը կհատուցի գումարի 70%–ը։

Երեք տիպային նախագիծ

Առաջինի դեպքում գյուղացին պետք է առնվազն 10-15 գլուխ անասունի համար կառուցի 130-280 քմ տարածքով անասնագոմ, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն դրամ։ Պետությունը 5,5 միլիոն դրամ կհատուցի (իսկ արտոնությունների դեպքում` 7,7 միլիոն)։

Երկրորդ մոդելով 20-25 գլուխ կենդանու համար նախատեսվում է 281-450 քմ տարածք` շուրջ 23 մլն ՀՀ դրամ արժեքով, 3-րդ մոդելով` 40-45 գլուխ անասունի համար`451 և ավելի քմ–անոց գոմ`35 մլն դրամ արժեքով։ Այդ ծախսերում ներառված է ոչ միայն բուն շինարարությունը, այլև տեխնոլոգիական սարքավորումները (կթելու սարք, կաթի սառեցման ու արևային էներգիայով տաքացող ջրի համար տարաներ և այլն)։

«Գումարը երկու փուլով ենք վերադարձնելու։ Մեկ տարվա ընթացքում պետք է անասնաշենք կառուցվի։ Այդ ժամանակ վերադարձնում ենք հատուցման ենթակա գումարի կեսը։ Իսկ մնացածները տալիս ենք տեխնիկա գնելուց հետո», – ասաց Գաբրիելյանը։

Կառավարությունը կովերին LED լամպերով ու ռետինե ներքնակներով էլիտար գոմեր է առաջարկում

Արդյունքում, Գյուղատնտեսության նախարարության գնահատականով, զգալիորեն կավելանա կովի կթվածքն ու կլավանա կաթի որակը։

Ճիշտ է` կաթի որակի վրա մեծ մասամբ ազդում են նաև կերերը։ Սակայն հիմա դեռ հանրապետությունում դրա համար ենթակառուցվածքներ չկան։ Խորհրդային ժամանակներից մնացած գրեթե բոլոր սիլոսային աշտարակները քանդված են կամ մաշված։ Այդ պատճառով հիմա շատ ավելի դժվար է նյութերի օպտիմալ պարունակությամբ կերախառնուրդներ կազմել։

«Իհարկե, ապագայում դրան էլ կանդրադառնանք։ Իսկ մինչ այդ կեր կազմելու դասընթացներ կանցկացնենք ֆերմերների համար։ Դասընթացները կանցկացնեն Հայաստանի ագրարային համալսարանի մասնագետները», – ասաց նախարարը։

Արդեն նախարարության նախատեսածից ավելի շատ հայտ է եկել։ Այդ պատճառով այս տարի նախապատվությունը տրվելու է փորձառու անասնաբույծներին։ Իսկ եկող տարի սուբսիդիայի համար կարող են դիմել նաև սկսնակ ֆերմերները։

Մոտավոր գնահատականներով` տեղական ցեղատեսակի կովի (Կովկասյան գորշ տավարի ցեղ) կթվածքը կարող է ավելանալ մեկուկես անգամ, այսինքն` տարեկան միջև 3,5 – 4 տոննա։ Հենց դա էլ կարդարացնի շինարարության ծախսերը։

Աջակցություն ցեղական կովեր գնելու համար

Մեկ այլ ծրագիր էլ կա, որով գյուղացիներին էժան վարկեր կառաջարկեն ցեղական կովեր գնելու համար։ 12% դրույքից պետությունը կսուբսիդավորի 10%–ը։ Այդպիսով` վարկը գյուղացուն կհասնի տարեկան 2% տոկոսադրույքով, 5 տարի ժամկետով։

Իսկ սահմանամերձ գյուղերի բնակիչներին ու գյուղական կոոպերատիվներին վարկերը տրամադրվելու են առանց տոկոսի։