Իրանցին և շվեյցարացին փորձել են թմրանյութ ներմուծել Հայաստան. ՌԴ ԱԴԾ

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները Մեղրիում տրանսպորտային միջոցների զննության ընթացքում որոշակի քանակության ուժեղ թմրամիջոցներ են հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Ռուս սահմանապահները տոն օրերին կանխել են ՀՀ պետական սահմանով թմրանյութեր անցկացնելու երկու փորձ, հայտնում է ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը։

Իրանի դեմ աննախադեպ ծավալուն պատերազմ է հայտարարվել․ Ռոհանի

Այսպես, Մեղրիի սահմանապահ ջոկատի աշխատակիցները, «Ագարակ» անցակետում, ԻԻՀ–ից ՀՀ եկող մեծաբեռնունակ տրանսպորտային միջոցի զննության ժամանակ, ավտոմեքենայի քնախցում, վարորդի անձնական իրերի տակ պլաստիկ փաթեթ են հայտնաբերել։ Փաթեթի մեջ 16 դեղահաբ է եղել, ենթադրաբար «մեթադոն» տեսակի թմրամիջոց պարունակող։ Հայտնաբերված նյութերի ընդհանուր քաշը 3.6 գրամ է կազմել։

Հետագայում, մեկ այլ տրանսպորտային միջոցի զննության ժամանակ, որը նույնպես ՀՀ էր մուտք գործում, Շվեյցարիայի քաղաքացու մոտ, տրանսպորտային միջոցի սրահում հայտնաբերվել է 10–ական հաբի 4 շերտ։ Հաբերը ենթադրաբար պարունակում են «տրամադոլ», որի ընդհանուր կշիռը` 4 գրամ է։ Ինչպես նաև հայտնաբերվել է թափանցիկ հեղուկով ամպուլա, 10 մգ ընդհանուր քաշով, 12 հաբ սպիտակ գույնի, ենթադրաբար «կոդեին» պարունակող։

Հայաստանի օրենսդրության համաձայն նշված նյութերը  թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցանկի մեջ են, որոնց ներմուծումը Հայաստան արգելված է։

Ձերբակալված քաղաքացիները և հայտնաբերած միջոցները սահմանված կարգի համաձայն փոխանցվել են ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցներին կատարված հանցագործությունների բոլոր հանգամանքները պարզելու համար։