Բրյուսելում հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը

ԱԳ նախարարների հանդիպումը կայացել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Բրյուսելում այսօր կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի կարճատև հանդիպումը:

Ինչպես Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, հանդիպումը կայացել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում։

Միջնորդները կողմ կլինե՞ն, որ Արցախը լինի բանակցություններում. պարզաբանում է Մնացականյանը

«Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների պաշտոնական բանակցություններ ծրագրված չեն, բայց կայացավ կարճ հանդիպում գագաթնաժողովի շրջանակում: Նախարարները միմյանց ձեռք սեղմեցին»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ մի քանի ժամից Բրյուսել կժամանի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը կմասնակցի Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը կտրվի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից:

Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը`տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 12-13-ին աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն և Բրյուսել։

Վարչապետի պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը։