Կթեքվի արդյո՞ք նժարն Արսեն Թորոսյանի ուզած կողմը

Շատ կարևոր է, որ մարդիկ ամրագոտին կապեն` գիտակցելով, որ դրանով իրենց կյանքն են փրկում, այլ ոչ թե միայն տուգանքներ չտալու համար են դա անում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի— Sputnik, Կարինե Հարությունյան. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով` ամրագոտի չկապելու համար տուգանքը պետք է այնքան բարձր լինի, որ մարդիկ խուսափեն խախտում անել։ Նախարարը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ընթացիկ շաբաթվա սկզբին Արսեն Թորոսյանը Facebook–ի իր էջում լուսանկար էր հրապարակել ավտոմեքենայի միջից` նշելով, որ #ամրակապվիր հեշթեգով ֆլեշմոբ է սկսել` հորդորելով կապել ամրագոտիները։

«Վատն այն է, որ ամրագոտու տուգանքը շատ քիչ է` ընդամենը 5000 դրամ, այսինքն` այնքան քիչ, որ մարդիկ մտածում են` դա ոչ թե տուգանք է, այլ ամրագոտին չկապելու վճար։ Նույնիսկ ժամանակին, երբ ճանապարհային ոստիկաններն ուզում էին ներողամիտ գտնվել վարորդների նկատմամբ, ասում էին` լավ, արի կամ ղեկին ծխելու տուգանք, որը 3000 դրամ է, կամ էլ ամրագոտի չկապելու տուգանք գրենք»,–ասաց նախարարը։

Թորոսյան․ «Ամրագոտու համար տուգանքը պետք է այնքան բարձր լինի, որ խուսափեն խախտումից»

Նրա խոսքով` ֆլեշմոբի նպատակը մշակույթ փոխելուն է ուղղված, քանի որ շատ կարևոր է, որ մարդիկ ամրագոտին կապեն` գիտակցելով, որ դրանով իրենց կյանքն են փրկում, ոչ թե միայն տուգանքներ չտալու համար այն կապեն։ Ըստ նրա` միայն տուգանելով մի փոքր դժվար է լինում վարքագծային փոփոխություններ անել, հատկապես` եթե տասնյակ տարիներ մարդիկ սովոր չեն դա անել։

«Ցույց տալով, օրինակ ծառայելով, խնդրելով` կարծես շեղում ենք նժարը այն կողմ, որ կողմ ուզում ենք։ Կարևոր է, որ ամրակապվեն թե՛ առջևի, թե՛ հետևի նստատեղում նստածները»,–ասաց նախարարը։

Sputnik Արմենիան զրուցել է նաև մի քանի վարորդների հետ. երթուղային տրանսպորտի վարորդներից Սերգեյ Աբրահամյանը, ում ամրագոտին կապված էր, սակայն այն չէր կարող ծառայել իր նպատակին, քանի որ «բնիկից» թուլացված էր` նշեց, որ ինքն ուզում է ամրագոտին նորմալ կապել, սակայն այն հարմար չէ երթուղայինների վարորդների համար։ «Ես անընդհատ շրջվում եմ, որ գումար վերցնեմ, մանր փոխանցում, այսինքն` շարժման մեջ շատ անհարմար է այն ամրացնել։ Բայց, ինչու չէ, ես էլ կուզեմ ամրագոտի կապել ու ավելի ապահով ինձ զգալ։ Այ, երբ կփոխվի տրանսպորտի վիճակը` սպասարկման ձևը, այդ ժամանակ ես էլ ապահով կերթևեկեմ»,–ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը միացավ ֆլեշմոբին

53–ամյա Արամայիս Ս.–ի խոսքով էլ` ինքը մոռանում ամրագոտին կապել ու գուցե այն պատճառով, որ չի հավատում` այն կարող է վթարի դեպքում իր կյանքը փրկել։ «Օրինակ, եթե մեքենայում գազի արտահոսք լինի, մինչև փորձեմ ամրագոտին հանել ու դուրս գալ, գուցե արդեն հրդեհ բռնկվի։ Մյուս կողմից, այո՛, եթե վթարի ժամանակ ուժեղ հարված է լինում, ամրագոտին քեզ «բռնում» է, չի թողնում պատուհանից դուրս շպրտվես»,–ասաց նա` այդպես էլ չկողմնորոշվելով` ամրագոտի՞ն պաշտպանո՞ւմ է իրեն, թե՞ ոչ։

Արմինե Ալեքսանյանն էլ պատմեց, որ երբ մեքենա վարել է սովորել, առաջին հրահանգն ամրակապելն է եղել։ Նա նշեց, որ ոչ միայն ինքն է ամրակապվում, այլ նաև իր մեքենան նստողներին է ստիպում նույնն անել։ «Ավելին, երբ տաքսի եմ նստում, կրկին ամրագոտի եմ կապում։ Մեկ անգամ եղել է, որ մոռացել էի ամրակապվել և մի փոքր` 10 մետր գնալուց հետո հանկարծ հասկացա, որ մի բան այն չէ։ Հետո տեսա, որ ամրագոտին չեմ կապել»,–ասաց նա։

Ի դեպ, դեռ 2009–ի օգոստոսի 13-ի կառավարության նիստում նախկին  վարչապետ Տիգրան Սարգսյանը հրահանգեց ոստիկանությանը խստորեն հետևել, որ վարորդները կապեն ամրագոտիները. ամրագոտի կապելը սահմանված էր օրենքով, սակայն լիարժեք չէր կիրառվում: