Կշարունակի՞ խաղալ «Արսենալի» կազմում․Մխիթարյանի մշուշոտ ապագան

«Արսենալը» մինչև այժմ ՈւԵՖԱ-ից երաշխիքների է սպասում Ադրբեջանի տարածքում կիսապաշտպանի անվտանգության վերաբերյալ։
Sputnik

Արամ Գևորգյան, հատուկ Sputnik Արմենիայի համար

Անգլիական «Արսենալը», որի մեկնարկային կազմում ընդգրկված է Հենրիխ Մխիթարյանը, արտագնա խաղում հաղթել է «Բյորնլիին» 1:3 հաշվով։ Թիմը հինգերորդ տեղն է զբաղեցրել ու ապահովել է իր տեղը 2019-2020 թվականների Եվրոպայի Լիգայի խմբային փուլում։

Սակայն պետք չէ մոռանալ, որ մայիսի 9-ին «Արսենալը» հաղթել է «Վալենսիային» ու Եվրոպայի Լիգայի ներկայիս խաղարկության եզրափակիչ է դուրս եկել՝ այսպիսով պահպանելով հնարավորությունը (հաղթանակի դեպքում) եզրափակչում Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ դուրս գալու։

Խնդիր չի լինի. Ադրբեջանի ԱԳՆ–ն երաշխավորում է Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը

Այս պահին ամենակարևոր հարցերից է Մխիթարյանի մասնակցությունը Բաքվում մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին։ The Telegraph-ը հայտնում է, որ «Արսենալը» մինչև այժմ ՈւԵՖԱ-ից կիսապաշտպանի անվտանգության վերաբերյալ երաշխիքի է սպասում ու չի ցանկանում նրան վտանգի ենթարկել, թեև Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան վստահեցրել է, որ երկիր մուտք գործելու հարցում ոչ մի խնդիր չի առաջանա։

Այդ եզրափակչի արդյունքից կախված է Մխիթարյանի հետագա ճակատագիրը։ Հաղթանակի դեպքում հավանականություն կա, որ «Արսենալը», չնայած ակումբի ֆինանսական խնդիրներին, կուզենա հայ կիսապաշտպանին պահել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության  համար։

Սակայն պարտության դեպքում հայ ֆուտբոլիստը կարող է փոխել «գրանցումը»։ Որպես «թեկնածու» թիմեր նշվում են «Միլանը», պիտերյան «Զենիթը», լոնդոնյան «Էվերթոնը», նաև Մխիթարյանի նախկին ակումբը՝ Դորտմունդի «Բորուսիան»։

Չնայած շրջանառվող բազմաթիվ լուրերին՝ ո՛չ «Արսենալ» ակումբը, ո՛չ ՝ Մխիթարյանը ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն արել։