ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Իրանի դեմ իսլամական հեղափոխության պատմության ընթացքում ամենածավալուն պատերազմն է հայտարարված։ Anadolu գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է երկրի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում մի խումբ քաղաքական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ։
Այսպես է նախագահը բնութագրել ներկայումս ԱՄՆ-ի կողմից Թեհրանի վրա գործադրվող քաղաքական ու տնտեսական ճնշումը։ Նա կարծում է, որ այն իրավիճակը, որում Իրանը հայտնվել է այսօր, ոչնչով չի տարբերվում 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի տարիներին եղած իրավիճակից։ Բայց այն ժամանակ Իրանը բանկերի, նավթի վաճառքի, ներկրման ու արտահանման հետ կապված խնդիրներ չուներ։ Միայն զենք գնելու հարցում էին պատժամիջոցներ գործում։
Ռոհանիի խոսքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուժեղ ազդեցություն ունեն երկրի վրա, այդ պատճառով բոլորը պետք է միավորեն իրենց ջանքերը։
«Բանկային ոլորտում մեր թշնամիների կիրառած պատժամիջոցներն անդրադառնում են նաև նավթի, նավթաքիմիայի, պողպատի ու գյուղմթերքի վաճառքի վրա», - ասել է Իրանի նախագահը։
Միաժամանակ, նախագահի խոսքով, Իրանը չի ճկվի ճնշման տակ ու ստեղծված իրավիճակից ելք կգտնի։