Այստեղ բոլոր ժամացույցներն օրվա մեջ առնվազն երկու անգամ ճիշտ ժամն են ցույց տալիս: Ամեն մեկն օրվա տարբեր ժամի, իհարկե: Դրանք՝ «բախտավոր» ժամացույցները: Դե, նրանք, որ երկու սլաք ունեն:
Իսկ անսլաք ժամացույցները նայում են քեզ, ասես դալիական ինչ-որ կտավից, ծորուն, հոսող ու խոսող հայացքով: Անժամանակ ժամացույցներ:
Նրանք սովորաբար լռում են: Նրանք գիտեն կամ ինչ-որ ժամանակ իմացել են, որ մոլորակը պտտվում է, իսկ իրենք այդ պտույտները չափողն են: Բայց հիմա ծվարել են ծեփաթափ մի անկյունում, խունացած պատերի ու առաստաղի միջակայքում՝ անհաղորդ մոլորակի պտտվելուն, րոպեներին, վայրկյաններին, կյանքին…
Բայց երբ մի պահ ողորկ թվատախտակով նայում են ուղիղ աչքերիդ մեջ, թվում է, որ հիմա կմեղադրեն կամ կտրտնջան: Ձայն չեն հանում: Միայն լո՜ւռ նայում են: Դամբարանայի՛ն լռություն: Ժամացույցների դամբարան: Գործարան, որ դամբարան է դարձել:
Այստեղ ժամանակը կանգ է առել: Բոլորի համար է կանգ առել…
Սլաքներով ու ժանգոտած զարթուցիչ գլխարկով ժամացույցների համար, որ դեռ զրնգում են, եթե բզբզես...
կլորիկ կազմվածքով ու խորանարդակերպ կառուցվածքով ժամացույցների համար...
նռան, խաղողի ու խաղողատերևի բոլորուն զարդանախշերով պարուրված Ժամացույցների համար...
Սլաքակորույսների համար...
Այդպես էլ չձևավորված, մերկամիջուկ մնացած ատամնանիվների ու զսպանակների համար, որ ժամացույց չհասցրեցին էլ դառնալ…
Աստված իմ, այսքա՜ն ժամացույց մեկ տեղում ու այսչա՜փ լռություն…
Եթե աշխարհի մեկ վեցերորդի վրա, ինչ-որ մի տեղ ԽՍՀՄ փլուզման հուշարձան լիներ, ապա այն հաստատ հենց այս տեսքը պիտի որ ունենար:
Եթե խորհրդային տարիներին Հայաստանի արտադրական հզորության հուշաքար կամ տապանաքար լիներ, այն անկասկած, պետք է որ այս տեսքն ունենար:
Ժամացույցի գործարանում Ժամանակը կանգ է առել, ու այն դարձել է անգործարան: Բռնել է անգոյի արահետն ու փսորվում է, փսորվում: Խլյակ է: Արդեն կամ՝ շուտով:
Կյանքի հաշվիչներ, որ էլ հաշվելու բան չունեն արդեն իրենք: Բայց այնքա՜ն բան կպատմեին: Լսող լիներ: Իրենց լռությունն ընկալող լիներ: Ու իրենց զսպանակված, չբաբախող սրտիկների ցավն զգացող լիներ: Այդ սրտիկների բանալիները պտտող-լարող լիներ:
Մարդիկ մոռացել են: Բայց նրանք դեռ հիշում են:
Որպես տեղեկանք` քաղվածք «Հայկական սովետական հանրագիտարանից (1974-87թթ. Հրատարակության)։
«Երևանի «Սևանի» արտադրական միավորում, սարքաշինության, ավտոմատացման միջոցների և կառավարման համակարգերի ձեռնարկությունների համախումբ: Ստեղծվել է 1976-ին: Ներառում է Երևանի ժամացույցի (երկու մասնաճյուղով՝ Թալինի շրջանի Մաստարա, Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղերում) և Երևանի գեղարվեստական ժամացույցների գործարանները: Երևանի ժամացույցի գործարանը հիմնադրվել է 1943-ին: Թողարկում է ձևավոր զարթուցիչներ և էլեկտրոնային-մեխանիկական ժամացույցներ: 1945-ին արտադրել է 13,6 հզ, 1975-ին՝ 4 մլն 105 հզ. ժամացույց: Արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ-ում (մոտ 4,2 հզ. հասցեով), առաքվում աշխարհի 63 երկիր (ԳՖՀ, Անգլիա, Ֆրանսիա, Կուբա, ԳԴՀ, Չեխոսլովակիա, Հունգարիա):
1954-ից գործարանի արտադրանքը ներկայացվում է միութենական և միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների (ՍՍՀՄ ԺՏՆՑ, Զագրեբ, Լայպցիգ, Վարշավա, Տոկիո, Մոնրեալ, Կահիրե): Սոցիալիստական աշխատանքի հերոս Մ.Ավետիսյանի ստեղծած ժամացույցի վռաններ արտադրող հաստոցը բարձր արտադրողականության համար (նախկինի համեմատությամբ 16 անգամ ավել) ՍՍՀՄ ԺՏՆՑ-ում շահել է արծաթե, իսկ գլխավոր կոնստրուկտոր Զ.Դալլաքյանի և ինժեներ Լ.Աբրահամյանի ձևավորած ժամացույցները՝ բրոնզե մեդալ: Ձեռք բերած բարձր ցուցանիշների համար ՍՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրվել է շուրջ 260 մարդ, որոնցից բանվորուհիներ Գ.Պարսամյանը և Ռ.Նիկողոսյանը՝ Լենինի շքանշանով…»
«Սևանի», սևանա, սևա…
Երբ փոքր սլաքը հասնում էր զարթուցիչի սլաքին, «Սևանի» գրառմամբ ժամացույցը, որ մինչ այդ պարզապես իր խուլ ու խաղաղ «տիկ-տակ»-ն էր անում, ամբողջ մարմնով ցնցվում էր ու զիլ, ծղրտան զրնգոցով արթնացնում տնեցիներին, պատկից հարևաններին, իսկ միգուցե շենքի բոլոր բնակիչներին… Ու, երբ առաքելությունն իրականացված էր, էլի շարունակում էր հանդարտ, միալար, րոպեում 60 վայրկյան, 60 րոպեում՝ 1 ժամ արագությամբ իր ընթացքը:
Քանի սերունդ են արթնացրել ու աշխատանքի կամ դպրոց ճանապարհել «Սևանի» գրությամբ, կապույտ, կարմիր, ճերմակ իրանով այս բազմազան ժամացույցները…
Դատարկությունից ու ավերմունքից տնքացող արտադրամասի սրահում մի պահ կկոցում եմ աչքերս: Ու իմ մտապատկերում մի պահ երևում է այլ տեսարան. Դազգահների մոտ նստած մարդիկ, արտահագուստով, հայացքները կենտրոնացած, աշխատում են, բանվորներից մեկը հիմնակմախքների ու դետալների նոր խմբաքանակ է բերում, վարպետը շրջում է ու ինչ-որ ցուցումներ տալիս, ինչ-որ մեկը հանկարծ վարակիչ ծիծաղում է, մոտիկ նստած աշխատողները մի պահ կտրվում են գործից... Բոլորովին ուրիշ հայացքներ են, ուրիշ աչքեր, ուրիշ մարդիկ՝ այնքան հարազատ ու այնպես մոռացված, դեմքերի ինքնավստահ ու բարի արտահայտությամբ: Մերոնք, բայց ուրիշ աշխարհից:
Հետո հանկարծ մի ժանտ քամի է փչում ու ավազահատիկների նման քշում-տանում կկոցված աչքերիս երևացող պատկերները: Մարդկանց, աշխատողներին, բոլորին...
Չեռնոբիլում ժամը քանի՞սն է
Ամայացած, մի տեսակ անշնչացած, տակնուվրա խողովակներով, այլ կոնստրուկցիաներով խճողված արտադրամասեր: Քաղպաշտպանության հակագազեր, որ երևի անցած դարի 50-60-ականներից են մնացել ու հիմա խառնիխուռն թափված են հատակին: Չելենտանոյի երգերով «Մելոդիայի» թողարկած ձայնապնակի բեկոր, «Մոդերն թոքինգի» ձայնապնակի կազմ, «19-րդ դարի ամերիկյան պատմվածք» գիրք, աշխատանքի անվտանգության կարգաբերական, ընդունած-հանձնած դետալների մատյան: Մի խոսքով, ինչ տեսնում ես այսուայնտեղ, ներառյալ «Համամիութենական շաբաթօրյակ» ակտուալ պաստառը, ակամայից պատկերային զուգահեռներ են ուրվագծում: Առաջինն, ինչ մտքիդ գալիս է, ԱԷԿ-ի պայթյունից հետո անմարդաբնակ դարձած Չեռնոբիլն է՝ մեռած քաղաքը:
Ու քանի-քանի՜ այսպիսի չեռնոբիլ-գործարաններ կան Հայաստանում ու հենց մայրաքաղաքում: Չեռնոբիլում հիմա ժամը քանի՞սն է: Այս ժամացույցները ճիշտ այդ ժամն են ցույց տալիս:
Դրսից նայելիս դրանք նման են իրար: Ասես ռմբակոծված քաղաքների բեկորներ լինեն, շենքեր՝ պատուհանների փոխարեն սևակնած ակնախոռոչներով: Ներսում ամեն մեկն իր ցավն ունի, որ մարդու սիրտ է մղկտացնում:
Չի՛ կարող սիրտդ չցավել: Չի՛ կարող: Եթե տեր ես: Տե՛ր, այլ ոչ թե սեփականատեր կամ էլ ով գիտե՝ բաժնետեր:
Չեռնոբիլում հիմա ժամը քանի՞սն է...
Տիկ-տակ... կամ՝ հետգրության փոխարեն
Ամենից ցավալին այն է, որ Երևանի ժամացույցի գործարանը ԽՍՀՄ փլուզման հետ չի փլուզվել: Այն շարունակել է գործել: Գուցե ոչ այնքան լարված, ինչպես խորհրդային տարիներին: Հաստատ՝ ոչ այդ ծավալով ու ծանրաբեռնվածությամբ: Բայց գործել է: Դեռ 2000-ականներին Երևանի ժամացույցի գործարանը կար, փորձում էր աշխատել, արտադրանք էլ էր թողարկում:
Բայց արդեն այս ձեռնարկության մեխանիզմի մեջ վայրիվերո շուկայի ավազաթթու էր լցվել: Արտադրական տարածքի պատերից մեկին ոմն Ռուբո կամ Rubo անկապ գրառում է թողել՝ «7.11.13»: Շնորհակալություն անհայտ Ռուբոյին, քանզի նրա գրառումը հուշում է, որ 2013 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ Երևանի ժամացույցի գործարանը արդեն չէր գործում: Հակառակ դեպքում նրան ո՞վ կթողներ որ այդպիսի հուշեր թողներ: Ու քանի որ գրությունը չեն ջնջել, իսկ ձեռնարկության տարածքների վիճակն էլ ակնհայտ է, դրանից հետո էլ, փաստորեն չի գործել, ըստ էության, ամենաքիչը արդեն 6 տարի:
Իրականում կամ իրավաբանորեն, իհարկե, ձեռնարկություն կա, կամ ձեռնարկության սնանկացման կառավարիչ միգուցե: Համենայն դեպս, հաշվապահություն գոյություն ունի, պահակներ կան, մեկ-երկու վարպետ, որ երբեմնի օժանդակ տարածքում ինչ-որ գործ են անում: Ձեռնարկության վարչական մասնաշենքի տարածքում մասնավոր համալսարան է գործում...
Համացանցում, իհարկե, տրցակներով հրապարակումներ կան՝ 2011-15 թվականներին ձեռնարկության շուրջ ինչ-ինչ վեճերի, պատմությունների վերաբերյալ: Բայց մենք միտումնավոր դրանք շրջանցում ենք: Քանզի մեր տեսածը հազար հատ նման վկայությունից ու անգամ այս հրապարակումից խոսուն է:
Եթե իրական տեր լիներ, այսպիսի անտերություն չէր լինի:
Հիմա, իհարկե, ինչի վրա ասես՝ ժամացույց կա՝ հեռախոսի, համակարգչի, ռադիոընդունիչի, երևի նաև արդուկների ու սառնարանների:
Կասեն հիմա ո՞ւմ են պետք զարթուցիչները, պատի ժամացույցները: Գուցե: Բայց ուրիշներն արտադրում ու վաճառում են: Իսկ մենք գնում ենք ուրիշների արտադրածը, թեպետ մերն ունեինք ու դեռ կարող էինք ունենալ:
Եվ հետո, երբ կա աշխատող ձեռնարկություն, այն դեռ կարելի է վերապրոֆիլավորել, զարգացնել նոր ուղղությամբ: Աշխատատեղեր ունենալ, ամենակարևո՛րը:
Իսկ երբ փլատակնե՞ր են...
Նյութի լուսանկարների համահեղինակ Մարի Հակոբյան