Այսօրը պատմության մեջ. մայիսի 12

Այս օրը մեզ համար արժանահիշատակ է ամենից առաջ այն առումով, որ 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտավ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագիրը՝ սահմանագոտում ու շփման գծում կրակի դադարեցման մասին:
Sputnik

Չնայած ադրբեջանական ղեկավարության ներկայիս դիվանագիտական նյարդայնությանը՝ Արցախի ճանաչման, ավելի ճիշտ՝ չճանաչման հարցում, փաստը հանրահայտ է և պարզորոշ արձանագրված. 1994-ին Ադրբեջանը հարկադրված էր նաև հենց Արցախի հետ ստորագրել զինադադարի համաձայնագիրը:

Հրադադարի 25 տարին. արտգործնախարարը խոսել է փաստաթղթային ու իրական հրադադարների մասին

Հրադադարը միշտ էլ «հարաբերական ռեժիմում» է եղել, բայց մեծ հաշվով պահպանվել է ավելի քան 20 տարի, ըստ որում՝ առանց արտաքին-խաղաղապահ ուժերի ներգրավման:

Ադրբեջանի ղեկավարությունը 2016-ի ապրիլի 2-ին դիմեց լայնածավալ ագրեսիայի, ինչով հիմնովին խախտեց 1994-ի հրադադարի համաձայնագիրը: Բայց, ըստ էության, խուսափեց միջազգային լուրջ սանկցիաներից:

Մայիսի 12-ին, իհարկե, աշխարհում և պատմության մեջ տարբեր ու բազմապիսի հիշարժան դեպքեր են կատարվել: Բայց նախ, առանձնացնենք հայկական նրբերանգները: Առավել ևս, որ այսօր մի ամբողջ շարք նշանավոր հայերի ծննդյան օրն է:

Նախ նշենք, որ մայիսի 12-ին է ծնվել ֆրանսահայ հայտնի կինոդերասանուհի Իզաբել Սադոյանը (1928-2017): Մեր հայրենակցուհին մի քանի տասնամյակ ֆրանսիական անվանի տարբեր ռեժիսորների ֆիլմերում մարմնավորել է մի ամբողջ շարք տպավորիչ կերպարներ: Իսկ հայ հանդիսատեսին հիմնականում հայտնի է Անրի Վեռնոյի «Մայրիկը» (Աննա) և Ռոբեր Քեշիշյանի «Արամ» ֆիլմերից:

Ինչո՞ւ է Ալեն Թերզյանը Հայաստանն անվանում լավատեսությամբ լի, ուղեղը «վերանորոգելու» երկիր

Մայիսի 12-ին ծննդյան տարեդարձն է նշում մանկագիր, բանաստեղծ, գրող Էդվարդ Միլիտոնյանը՝ Հայաստանի գրողների միության նախագահը:

Սև ծովի հատակին հայտնաբերել են կտավներ, որոնք հավանաբար նկարել է Այվազովսկին. տեսանյութ

Այսօր նաև մեր անվանի կոմպոզիտոր, մանկավարժ, Հայաստանի ու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի (1921-2012) ծննդյան օրն է:

Մայիսի 12-ին է նշվում (նոր տոմարով, իսկ հին տոմարով՝ ապրիլի 29-ին) նաև վաստակավոր ու վաստակաշատ ճարտարապետ, Երևանի մի ամբողջ շարք նշանակալի կառույցների հեղինակ Մարկ Գրիգորյանի (1900-1978) ծննդյան օրը:

Երևանի ծննդյան «աստվածաշնչյան» պատմությունը. «մանանեխային խորքից» եկած քաղաքը

Անկախ հին ու նոր տոմարների հետ կապված օրերի անցուդարձից, Մարկ Գրիգորյանը նախագծել ու հեղինակել է կառույցներ, կարելի է ասել, դարերի համար: Եթե միայն մի քանիսը թվարկենք, էլի քիչ կթվա, բայց մինչ այժմ անտեղյակ մնացածներին գուցե մի բան կհուշի` Մատենադարան, «Արմենիա» հյուրանոց (հիմա՝ «Մարիոթ-Արմենիա»), Միությունների տուն, ԱԺ շենք, ՀՀ նախագահի նստավայր, Մարգարյանի անվան ծննդատան, Աբովյան փողոցի մանկական հիվանդանոցի շենքերը և սա ամենևին էլ ամբողջական ցանկը չէ, իհարկե: Ահա թե ինչպիսի ու ինչ որակյալ հետք է թողել ճարտարապետ Մարկ Գրիգորյանը:

Ի դեպ, հավելենք, որ մայիսի 12-ին է ծնվել Նշան Գրիգորյանը (1886-1978): Մեր այս հայրենակիցը հայտնի է նրանով, որ իր դեպքում չի գործել «հայի բախտ» ասվածը կամ էլ հակառակ առումով է գործել. Նա տխրահռչակ «Տիտանիկի» այն փոքրաթիվ ուղևորներից մեկն է, ում հաջողվել է փրկվել «դարի նավաբեկությունից» հետո ու վերապրել:

Անգլիայում ռեկորդային գնով վաճառվել է «Տիտանիկի» ուղևորի նամակը

Իսկ ինչ վերաբերում է համաշխարհային անցուդարձին, ապա հավելենք, որ մայիսի 12-ը նշվում է որպես Բուժքրոջ միջազգային օր:

Իհարկե, այսօրվա հետ կապված հիշարժան այլ իրադարձություններ էլ կան, բայց եթե ուզում եք հիշել, թե կոնկրետ անցած տարի ինչ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում և աշխարհում, կարող եք սեղմել այս հղումը։