Աղջիկները երեք անգամ բեմ դուրս եկան՝ տարազով, լողազգեստով ու երեկոյան զգեստով։ Հաղթողին ընտրեց ժյուրին, որի կազմում էին հայաստանցի ռեժիսորներ, դերասաններ ու մոդելավորողներ, նաև երգչուհի Լյուբով Ուսպենսկայան ու Սանկտ Պետերբուրգի փոխքաղաքապետի խորհրդական Արֆենիա Տեր-Մինասովան։
Մրցույթը «Դվին» երաժշտական սրահում էր, բեմը զարդարված էր ծաղիկներով։ Հյուրերին կարելի է պայմանականորեն երկու խմբի բաժանել։ Առաջինում մասնակիցների ծանոթներն էին, որոնք եկել էին ընտանիքներով ու հսկայական ծաղկեփնջեր էին բերել։ Երկրորդ խմբում մոդելային բիզնեսով հետաքրքրվող մարդիկ էին, նախկին կամ ներկա մոդելներ, դիզայներներ, կլիպմեյքերներ և այլն։
Եզրափակիչ փուլ դուրս եկան 5 գեղեցկուհի։ Հայկուհին հաղթելուց հետո ուրախությունից արտասվում էր։ Մինչ մրցույթի սկիզբն աղջիկն ասում էր, որ ուզում է բարեգործությամբ զբաղվել և ուրախ է մոդելային բիզնես վերադառնալ։ Նա մասնակցել է գեղեցկության բազում մրցույթների, այդ թվում՝ «Միսս Հայաստան 2017»-ին։ Այն ժամանակ Հայկուհին չէր հաղթել, բայց, միևնույնն է, հայտնի էր դարձել։ Սոցցանցերի հայկական տիրույթի օգտատերերը հիշում են նրա չարաբաստիկ հարցազրույցը «Լավ երեկո» ծրագրի շրջանակում։ Հարցին, թե ինչն է ավելի ծանր մեկ կիլոգրամ երկաթը, թե մեկ կիլոգրամ բամբակը, գեղեցկուհին վստահ պատասխանել էր`երկաթը։
Հենց այս պատասխանը խոսակցությունների առիթ էր տվել ու բազում մեմերի հիմք դարձել։