ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ֆուտբոլիստ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա առանց խոչընդոտի ժամանել Բաքու, որտեղ կկայանա Եվրոպայի Լիգայի եզրափակիչը։ Sport24.ru–ն հայտնում է, որ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան։
«Մխիթարյանն Ադրբեջանի տարածք մուտք գործելու և երկրում գտնվելու հետ կապված խնդիրներ չի ունենա։ Ադրբեջանում մարզական բազմաթիվ խոշոր միջոցառումներ են անցկացվել, և հայ մարզիկները մասնակցել են դրանց։ Սպորտն ու քաղաքականությունն առանձին են», – ասել է Աբդուլաևան։
Լոնդոնի ակումբում մտավախություն ունեին, որ Մխիթարյանը կարող է մուտք գործելու հետ կապված խնդիրներ ունենալ, քանի որ Հայաստանի և այլ երկրների հայկական ազգանուններով քաղաքացիների մոտ նախկինում նման խնդիրներ արդեն ծագել են։ «Արսենալն» իր ֆուտբոլիստի անվտանգության երաշխիքներ էր պահանջել։ Մխիթարյանն ավելի վաղ երկու անգամ բաց էր թողել ադրբեջանական թիմերի դեմ խաղերը։
«Ֆուտբոլիստների պաշտպանությունն ու անվտանգությունը կարևորագույն հարցեր են։ Մենք երաշխիքներ ենք սպասում ՈւԵՖԱ–ից, որ Մխիթարյանի այցը վտանգված չէ։ Դեռ ընդունելի երաշխիքներ տրված չեն։ Հուսանք` ՈւԵՖԱ–ն կկարողանա ներկայացնել դրանք անհապաղ», – հայտարարել էին «Արսենալում»։
Ավելի ուշ ՈւԵՖԱ–ն հայտնել էր, որ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան երաշխավորում է Մխիթարյանի անվտանգությունը։
Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել էր, որ տվյալ խաղացողը երկիր մուտք գործելու և Ադրբեջանում գտնվելու հետ կապված խնդիրներ չի ունենա, և որ կձեռնարկվեն անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։
Նշենք, որ Եվրոպայի Լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին։ «Արսենալը» Բաքվում հանդիպում կունենա «Չելսիի» հետ։