Տարիներ անց Գեղարքունիքը ծածկված է լինելու արևային վահանակներով ու հողմակայաններով

Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է մարզի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Գեղարքունիքի մարզում ներդրումային ծրագրերի հիմնական ուղղություններն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունն ու այլընտրանքային էներգետիկայի զարգացումը։ Այսօր Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում անցկացվող «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես համաժողովի բացման ժամանակ այս մասին ասաց մարզպետ Գնել Սանոսյանը։

Մարգարյան. «Ներդրումային համաժողովով չի նշանակում` ներդրողներն անմիջապես կբացեն քսակները»

«Գյուղատնտեսության համար անչափ նպաստավոր են մեր մարզի 345 000 հա գյուղատնտեսական նշանակության հողերը։ Մենք կարող ենք զարգացնել հատկապես էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների արտադրությունը։ Երկրագնդի վրա գնալով մեծանում է էկոլոգիապես մաքուր սննդի դերը, և մեր մարզը բոլոր նախադրյալներն ունի վերածվելու էկո մարզի, որպեսզի և՛մաքուր սնունդ արտադրենք, և՛ մեր Սևանի բնապահպանական խնդիրները լուծենք»,– ասաց մարզպետը։

Իսկ զբոսաշրջության զարգացման համար, նրա խոսքով, միայն Սևանի գործոնը չէ, որ վճռորոշ նշանակություն ունի։ Մարզպետը հիշեցրեց, որ Իրանից դեպի Վրաստան, Երևանից Ստեփանակերտ ամենակարճ ճանապարհներն անցնում են Գեղարքունիքով։ Այս հանգամանքները մարզում զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություն են ստեղծում։

Ինչ վերաբերում է էներգետիկ ոլորտին, ապա Սանոսյանը կանխատեսեց. «Տարիներ անց Գեղարքունիքը ծածկված է լինելու արևային վահանակներով և հողմակայաններով»։

Համաժողովին մասնակցում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, մարզում աշխատող ու ներդրումային ծրագրեր ունեցող գործարարներ։