Լարված իրավիճակ Երևանում. տղամարդը տեղում մահացել է, հարևանները փակել են պողոտան

Երևանի Մյասնիկյան պողոտայի բնակիչները փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս, որ մեքենաները երթևեկեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Քիչ առաջ ողբերգական պատահար է տեղի ունեցել Երևանի Մյասնիկյան պողոտայում: Վրաերթի ենթարկված 70-ամյա ծերունին տեղում մահացել է:

Լարված իրավիճակ Երևանում. տղամարդը տեղում մահացել է, հարևանները փակել են պողոտան

Այս պահին դեպքի վայրում են «Գազել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները: Նախնական վարկածով` երկուսն էլ առնչություն ունեն պատահարի հետ: Վարորդները չեն լքել վթարի վայրը: Վթարի վայրում իրավիճակը լարված է:

Մյասնիկյան պողոտայի բնակիչները փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս, որ մեքենաները երթևեկեն: Նրանք նշում են, որ բազմիցս դիմել են տեղական ինքնակառավարման մարմիններին և խնդրել, որ տարածքում վերգետնյա անցում կառուցեն, սակայն նրանց խնդրանքը չի կատարվել:

Մեր տեղեկություններով՝ մահացած տղամարդը նույնպես ապրում էր Մյասնիկյան պողոտայում, և բողոքող քաղաքացիները նրա թաղեցիներն ու հարևաններն են:

Տեղում են ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները, որոնք փորձում են հանդարտեցնել լարված իրավիճակը: