Հրադադարի 25 տարին. արտգործնախարարը խոսել է փաստաթղթային ու իրական հրադադարների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ի թիվս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, անդրադարձել է նաև 1994թ–ի մայիսի 12-ին կնքված հրադադարի համաձայնագրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Մայիսի 12-ին լրանում է Արցախյան հակամարտության հրադադարի համաձայնագրի կնքման քսանհինգամյակը: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է այս փաստաթղթին և ասել, թե համաձայնագիրն անցնող 25 տարում ինչ նշանակություն է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։

«94 թվականի զինադադարի պայմանագիրը շատ յուրահատուկ է, այն միակ պայմանագիրն է, որի մասին, վստահ եմ` նկատեցիք, համանախագահ երկրի արտգործնախարարության հայտարարությունը կար, որը արտահայտեց նույն այն, ինչը մենք մշտապես ընդգծում ենք, որ սա այն միակ փաստաթուղթն է, որը հնարավոր է եղել, ի վերջո զինադադարը խախտվել է, բայց զինադադարն ապահովող միակ փաստաթուղթն է»,– ասել է Մնացականյանը։

Զինադադարի արժեքը, նախարարի համոզմամբ, պայմանավորված է նաև այն փաստով, որ այն «բոլոր կողմերի փաստաթուղթն է», ինչը հերթական անգամ ապացուցում է` հակամարտության կարգավորման հարցում բոլոր կողմերն ունեն իրենց դերակատարությունը։

Փաշինյանի ասածը սխալ եք հասկացել. Զոհրաբ Մնացականյան

Ինչ վերաբերում է խախտումներին, Մնացականյանը շեշտել է` անցնող 25 տարիների ընթացքում դրանք շատ–շատ են եղել, բայց գագաթնակետը եղավ 2016թ–ի ապրիլը։ Խախտումներն այսօր էլ չեն դադարել։

Հայաստանի իշխանությունների առաջնահերթությունն այսօր, ըստ Մնացականյանի, ռիսկերի նվազեցումն է, որը դարձյալ միակողմանի գործառույթ չէ։

«Ուղղակի պետք է գիտակցել` երբ դու Ստեփանակերտում ես և փորձում ես քայլել այդ փողոցներով, շփվում ես մեր հայրենակիցների հետ, մարդկանց հետ, որոնք ապրում են իրենց առօրյա կյանքով, ինչպես ցանկացած տեղ, միակ տարբերությունն այն է, որ իրենց սերը, իրենց կյանքը, բարեկեցությունը, ամենը միասին վերցրած իրենց կյանքն է, ինչպես որ յուրաքանչյուր տեղ` Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Փարիզում: Միակ տարբերությունն այն է, որ գիտակցում ես՝ 15 կմ այն կողմ ունես շփման գիծ, մենք վատագույն ռիսկերն ունենք մեր հայրենակիցների ուղղակի ֆիզիկական կյանքի հետ կապված: Ընդամենը սա է գիտակցումը»,– ասել է Մնացականյանը։

Նրա խոսքով` հայկական կողմի մոտեցման կիզակետը անվտանգությունն է, Արցախի յուրաքանչյուր քաղաքացու ֆիզիկական անվտանգությունը։ «Այդ ֆիզիկական անվտանգությունը և դրանից բխող ստատուսի խնդիրը մեզ համար գերակա խնդիրներ են: Որքանո՞վ մենք կկարողանանք շարժվել առաջ, դա թեստն է մեր բոլորիս առաջ»,– նշել է նախարարը։

Եթե ասեմ` երեկոյան գալիս եմ ձեր տուն հյուր, կզարմանաք, չէ՞. Զոհրաբ Մնացականյան

1994թ. մայիսի 5-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղըզստանի Հանրապետության, ՌԴ ԴԺ և ԱԳՆ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ավարտին Ադրբեջանի Միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեքյան արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը: Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994թ. մայիսի 10-ին Երևանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին` ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին: