Դպրոցականների քննական թեստերը թարգմանվել են ռուսերեն. ԳԹԿ–ն կատարել է խոստումը

Արդեն 10 տարի է` Հայաստանում ռուսական ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցները բարձրաձայնում են, որ ավարտական թեստերն անհրաժեշտ է ռուսերեն թարգմանել։ Դպրոցների տնօրեններից շատերը դեռ չգիտեն` խնդիրը լուծվել է, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հասցրել ու ռուսերեն է թարգմանել բոլոր քննական թեստերը, որոնց համար ԳԹԿ–ին էին դիմել դպրոցները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

«ԳԹԿ–ն, ինչպես և խոստացել էր, «մաթեմատիկա» և բնագիտական առարկաների քննական թեստերը ռուսերեն է թարգմանել այն դպրոցների համար, որտեղ այդ առարկաների կրթությունը ռուսերեն է իրականացվում։ Թեստերը թարգմանվել, փաթեթավորվել են ու պատրաստ են դպրոցներ ուղարկելուն»,–ասաց Գրիգորյանը։

Նա հայտնեց, որ 12–րդ դասարանցիների համար տպագրված թեստերի քանակը դեռ տրամադրել չեն կարող, սակայն արդեն ամփոփվել են 9–րդ դասարանի թեստերի քանակը, այդ թվում` ռուսերեն թարգմանվածները։

Հայաստանի դպրոցների ուսուցիչների համար երաշխավորված նվազագույն աշխատավարձ կսահմանվի

Այսպես` 9–րդ դասարանի «մաթեմատիկա» առարկայի քննության համար տպագրվել է 33 500 թեստ, որից 537–ը` ռուսերեն, «ֆիզիկայի» համար` 5738 թեստ, որից 136–ը` ռուսերեն, «քիմիայի» համար` 1918 թեստ, որից 51–ը` ռուսերեն, «կենսաբանության» համար` 12 897 թեստ, որից 191–ը` ռուսերեն, և «աշխարհագրությունից» 12 961 թեստ, որից 144–ը` ռուսերեն։

«Հայոց լեզու» առարկայի համար տպագրվել է 33 985 թեստ. սրանք, բնականաբար, ռուսերեն չեն թարգմանվում։

ԳԹԿ մամուլի խոսնակը հայտնեց նաև, որ կան ռուսական կրթությամբ դասարաններ ունեցող դպրոցներ, որոնք չեն դիմել իրենց` քննական թեստերը ռուսերեն ստանալու համար

«Ինչ վերաբերում է 4–րդ դասարանցիների քննական թեստերին, ապա արդեն իսկ կազմվել է դրանց նմուշը, և դպրոցները հարցաշարերը կազմում են տեղում` ըստ նմուշի։ Այդ պատճառով էլ 4–րդ դասարանի թեստերը ռուսերեն չեն թարգմանվել»,–ասաց Գրիգորյանը։

Համակարգը թափանցիկ է, և ծնողն այլևս դպրոցի տնօրենից չի լսի ավանդական «տեղ չկան». Պողոսյան

Թիվ 109 դպրոցի տնօրեն Սամվել Թադևոսյանը էլ հայտնեց, որ իրենց դպրոցում, որտեղ ռուսական կրթությամբ դասարաններ կան, մի շարք աշակերտներ կարիք ունեն հենց ռուսերենով քննություն հանձնելու։

«Արդեն 10 տարի է, ինչ Հայաստանում ռուսական ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցները բարձրաձայնում են, որ ավարտական թեստերն անհրաժեշտ է թարգմանել ռուսերեն, մանավանդ` բնագիտական առարկաների ու մաթեմատիկայի։ Կա տերմինոլոգիա, որը չեն ընկալում երեխաները, մանավանդ, երբ երեխան, օրինակ, 1-2 տարի է, ինչ տեղափոխվել է Հայաստան։ Մեզ խոստացել են, որ այս տարի թեստերը ռուսերեն կլինեն, մենք էլ սպասում ենք»,–ասաց Թադևոսյանը։

Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի խոսքով էլ` երբ թեստերը հայերեն են լինում, ոչ թե աշակերտները, այլ ուսուցիչներն են դժվարություններ ունենում, քանի որ հենց նրանք էլ տեղում` քննության ժամանակ, փորձում են թարգմանել դրանք։

«Տարիներ շարունակ հենց այդպես էլ արվել է` մենք ենք թարգմանել, քանի որ կան աշակերտներ, որ գրեթե չեն տիրապետում հայերենին։ Դեռևս օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ ԿԳ նախարարը հայտնել էր, որ թեստերն այս տարի կթարգմանվեն, սակայն ընթացքի մասին տեղյակ չենք»,–ասաց դպրոցի տնօրենը։

Հիշեցնենք, որ 9-րդ դասարանցիներն այս տարի «հայոց լեզու» առարկայից կենտրոնական քննություն կհանձնեն ոչ թե իրենց դպրոցներում, այլ կենտրոնացված քննական կենտրոններում։ 9-րդ դասարանի «հայոց լեզվի»` նախկինում հանձնարարվող շարադրության փոխարեն այս տարի աշակերտները թեստային աշխատանք կկատարեն։