«Ոչ մի առողջ ծառ չի կտրվի». Հայկ Մարությանը խոստացավ պահպանել կանաչ տարածքները

Հայկ Մարությանը հայտարարեց, որ քանի դեռ ինքը զբաղեցնում է քաղաքապետի պաշտոնը, ոչ մի առողջ ծառ քաղաքում չի կտրվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացավ, որ իր պաշտոնավարման ընթացքում մայրաքաղաքում ոչ մի առողջ ծառ չի հատվի։ Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ զրույցում քաղաքի կենտրոնում վերանորոգված այգու բացումից հետո։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նորաբաց այգում բազմաթիվ ծառեր են կտրվել։ Սակայն հետո պարզաբանեցին, որ հատված ծառերը հիվանդ են եղել և այգում տնկվելու են ծառերի և բույսերի նոր տեսակներ։

Երևանցիները նոր այգի ունեն. բացմանը ներկա էր Նիկոլ Փաշինյանը

«Ես երաշխավորում եմ, որ քանի դեռ Երևանի քաղաքապետն եմ, ոչ մի առողջ ծառ չի կտրվելու։ Քաղաքային իշխանությունները խնամքով են վերաբերվելու ծառերին և կանաչ տարածքներին», – ասաց նա։

Մարությանը նշեց, որ շինարարական կամ վերանորոգման աշխատանքների իրագործման ժամանակ պատկան մարմիններին հետ ամեն ինչ արվում է, որպեսզի ծառերը պահպանվեն և չվնասվեն։ Բայց Մարությանին զարմացնում է, որ վերջերս քննադատում են քաղաքային իշխանություններին կանաչ տարածքների պահպանման և նոր կանաչապատումների համար։ Նրա կարծիքով` դա անտրամաբանական է և տարօրինակ։

Նշենք, որ այգին վերանորոգվել և ամբողջությամբ վերակառուցվել է Վարդանյանի ընտանիքի ֆինանսավորմամբ։ Աշխատանքների վրա ծախսվել է 5,3 միլիոն դոլար։ Այգում տեղադրված է 2800 շատրվան, 7 բրոնզե հուշարձան։ Այն զարդարված է հին հայկական գորգերի նախշերով և 70 տեսակի 250 ծառերով։ Այգու վերանորոգման աշխատանքների և խնամքի հետ կապված բոլոր ծախսերը 99 տարով հոգալու է Վարդանյանների ընտանիքը, քանի որ դա նրանց նվերն է 2800–ամյա մայրաքաղաքին։