Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար կամք ու ժամանակ է պետք. Ռուսաստանի ԱԳՆ

ՌԴ արտգործնախարարությունից նշել են, որ Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման հիմքը 25 տարի առաջ ստորագրված համաձայնագիրն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ռուսաստանն ակտիվորեն աջակցելու է Երևանին ու Բաքվին Ղարաբաղի հարցով փոխզիջումներ փնտրելու հարցում։ Կարգավորման առանցքային հարցերում համաձայնության գալու համար գործընթացի մասնակիցներից ժամանակ ու քաղաքական կամք է պահանջվում։ Այս մասին նշված է ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության մեջ, որը տարածվել է Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ստորագրած պայմանագրի 25–ամյակի կապակցությամբ։

Ղարաբաղյան հարցի վերաբերյալ գաղտնիքներ չկան. Նիկոլ Փաշինյան

Մայիսի 12–ին կլրանա 25–րդ տարին, ինչ ուժի մեջ է մտել հրադադարի պայմանագիրը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի ուղիղ միջնորդությամբ։

Մեկնաբանության մեջ նշվում է, որ համաձայնագիրը թույլ է տվել դադարեցնել զանգվածային արյունահեղությունն ու սկսել քաղաքական–դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան կարգավորման գործընթացը ։

ՌԴ արտգործնախարարությունը նշում է, որ մայիսի 12–ին ստորագրած պայմանագիրը մինչև հիմա հրադադարի ռեժիմի պահպանման հիմքն է։

Միաժամանակ Ռուսաստանի արտգործնախարարությունն ընդգծել է, որ կարգավորման գործընթացը բարդ է, վերելքներ ու անկումներ է ունենում։

«Մենք տեսնում ենք, որ կողմերը պատրաստ են կայուն խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքին», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ–ում կարծում են, որ դա են վկայում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների` վերջերս Վիեննայում կայացած հանդիպման, ինչպես նաև Մոսկվայում երկու երկրի արտգործնախարարների հանդիպման արդյունքները։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ռուսաստանը շարունակում է հետևողական միջնորդական ջանքեր գործադրել ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։