Կաշառք ստանալու պահին ԱԱԾ-ն պաշտոնատար անձի է ձերբակալել

Պաշտոնյան մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատներ տրամադրելուց հետո, առևտրային կազմակերպության ներկայացուցչից որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը:

Շենք կառուցելու թույլտվություն տալու համար պաշտոնատար անձը խոշոր կաշառք է վերցրել. ՊԵԿ

Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը շահադիտական նպատակներով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատներ տրամադրելուց հետո, առևտրային կազմակերպության ներկայացուցչից որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումար, որի մի մասը՝ 2019 թվականի ապրիլին, մյուս մասը՝ մայիսի 7-ին:

Կաշառքի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, գումարի երկրորդ մասը ստանալու պահին կաշառք տվողն ու ստացողը բռնվել և բերման են ենթարկվել:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Կաշառքի գումարը ստացած անձը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: