Կանգնել, թե չկանգնել. Փաշինյանը չգիտեր` ինչպես վարվեր կարմիր լույսի դեպքում. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից տուն է գնացել հեծանվով։ Վարչապետը խոստովանել է, որ հեծանվային երթևեկության կանոններին լավ չի տիրապետում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Հիմա պիտի կարմիր լույսի տակ կանգնենք, թե չպիտի կանգնենք։ Նման հարցադրում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային օրվա ավարտին հեծանվով աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Այս հեծանվային կանոնները շատ անորոշ են։ Ես դրանք այնքան էլ լավ չգիտեմ և պիտի սովորեմ»,– խոստովանեց վարչապետը։

Նա նաև հայտնեց, որ ավտոմեքենայից հեծանիվ տեղափոխվելով ինքը փորձում է լուծել նաև ավելորդ քաշի խնդիրը։

«Մենք հաշվել ենք, որ կառավարությունից մինչև կառավարական առանձնատների տարածք 4 կմ է,– հայտնեց Փաշինյանը, – հեծանվով գնալը շատ հաճելի է, բայց անվտանգության աշխատակիցների գործն է շատ բարդանում»։

Նշենք, որ վարչապետին ամբողջ ճանապարհին ուղեկցում էին անվտանգության աշխատակիցներն ավտոմեքենաներով, փողոցային երթևեկությունը նրա վարած ուղղությամբ դադարեցված էր։

Փողոցում հանդիպող անցորդները ողջունում էին վարչապետին, իսկ հակառակ ուղղությամբ ընթացող ավտոմեքենաների վարորդներն իրենց ողջույններն էին հղում ձայնային ազդանշաններով։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ևս աշխատանքի էր գնացել հեծանվով։ Իսկ առաջին անգամ նա հեծանվով աշխատավայր էր գնացել 2018թ–ի սեպտեմբերի 30–ին և համաքաղաքացիներին հորդորել ավտոմեքենայի փոխարեն հեծանիվ քշել։