Ինչ է իրականում կատարվել Բագրատաշենի անցակետում. պարզաբանում է Դավիթ Անանյանը

ՊԵԿ նախագահը մեկնաբանել է Բագրատաշենի մաքսատանը ծագած խնդիրը։ Ավտոբուսի ուղևորների մի մասը սահմանն անցել է առանց մաքսատուրք վճարելու, մյուսներից պահանջել են վճարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Թուրքիայից ավտոբուսներով ֆիզիկական անձանց բեռի անվան տակ իրականում գալիս են ակնհայտորեն ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը`խոսելով Բագրատաշենի մաքսակետում երեկ ծագած խնդրի մասին։

ԵԱՏՄ–ն խստացնում է կանոնները. Հայաստանում հարվածն առաջինը կզգա մանր բիզնեսը. տնտեսագետ

Մայիսի 9-ին մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Բագրատաշենի մաքսակետում Թուրքիայից Հայաստան ժամանած ուղևորների ու մաքսատան աշխատակիցների միջև խնդիրներ են ծագել, քանի որ մաքսավորները ուղևորների մի մասին թույլ են տվել առանց հավելյալ վճարի ներմուծել ուղեբեռները, մյուսներին պահանջել են մաքսազերծել ուղեբեռում առկա ապրանքները` դրանց դիմաց սահմանված մաքսատուրքերը վճարելով։

«Խնդիրը լուծվեց բարիդրացիական փոխգործակցության մթնոլորտում»,– ասաց Անանյանը` հավելելով, որ մաքսավորներն ընդամենը փորձել են կանխել ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ ներկրելու հերթական փորձը։

Անանյանը հիշեցրեց, որ առանց մաքսազերծման ներմուծվող բեռների չափաքանակն արձանագրված է օրենքով։

«Պատկերացրեք` ավտոբուսը 2 տոննա բեռ է բերում, ու այդ երկու տոննա բեռը պատկանում է X քանակի անձանց` որպես ուղեկցվող բեռ։ Այն մասը, որ այդ սահմանված քանակությունները չեն գերազանցում, ընդունվում են որպես ուղեկցվող բեռ, նրանք, որոնք սահմաններն անցնում են, ուղեկցվող չեն»,– ասաց Անանյանը` մեկնաբանելով, որ մաքսազերծվման ենթակա և ոչ ենթակա ուղեբեռներն այս տարբերակով են որոշվում։

Նշենք, որ 2019-ի հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոն։ Սահմանված քանակը գերազանցող յուրաքանչյուր ապրանքի դիմաց քաղաքացին պարտավոր է ապրանքի գնի 30%–ի չափով մաքսատուրք վճարել։