«Հայրենիք-սփյուռք» կենտրոնի նախկին տնօրենը վերականգնել է մոտ 1 միլիարդ դրամի վնասը

Տնօրենի հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվել` համաներման ակտի կիրառման հիմքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ–ի նախկին տնօրենը պետությանը 99․913․800 (իննսունինը միլիոն ինը հարյուր տասներեք հազար ութ հարյուր) դրամ է վերադարձրել։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը։

Հանքարդյունաբերողները սկսել են վճարել. որքա՞ն գումար են վերադարձրել պետությանը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 2018 թվականին ուսումնասիրություն էր իրականացրել ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱ կազմակերպության կողմից 2015-2018 թվականներին իրականացված գնումների գործընթացի վերաբերյալ։

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ կազմված տեղեկանքն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե, և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ։

Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱ կազմակերպության տնօրենը 2015-2017թթ․ ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, պետությանը պատճառել է 99․913․800 (իննսունինը միլիոն ինը հարյուր տասներեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամի գույքային վնաս։

«Տնօրենը հիշյալ վնասն ամբողջությամբ վերականգնել է»,– նշված է ՊՎԾ–ի հաղորդագրության մեջ։

Նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներման ակտի կիրառման հիմքով։