Գյումրիում 18 ընտանիք բնակարան կունենա. ամերիկահայ բարերարների հերթական ներդրումը

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 197 մլն 412 հազար դրամ, որի 15 տոկոսը հատկացվելու է Գյումրու քաղաքապետարանի բյուջեից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. ԱՌԴԱ  բարեգործական հիմնադրամը Գյումրիում երրորդ անգամ սոցիալական բնակարաններ կկառուցի:  Այս ծրագրի մեկնարկն ազդարարող հուշագիրը կնքվեց այսօր`մայիսի 10-ին՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանի միջև: Ծրագիրը երկու կարևոր  խնդիր է լուծում՝ քաղաքն ազատում է կիսակառույց շենքերից և անապահով ընտանիքներին՝  հիմնականում միայնակ  ծերերին,  օթևան է տալիս:

Ի տարբերություն նախորդ երկու փուլերի, այս անգամ սոցիալապես անապահով ավելի շատ ընտանիք տանիք  կունենա: Նոր փուլով Գյումրիում կիսակառույց շենքերի վերակառուցման արդյունքում 18 բնակարան շահագործման կհանձնվի, որից 14-ը մեկսենյականոց, 4-ը երկուսենյականոց:

Թոշակի անցած զինծառայողներին պետությունը բնակարան գնելու գումար կտա

Ծրագրի ընդհանուր արժեքը  կազմում է 197 մլն 412 հազար դրամ, որի 15 տոկոսը հատկացվելու է Գյումրու  քաղաքապետարանի բյուջեից:  Ինչպես նախագծման, այնպես էլ բարեկարգման աշխատանքները կատարվելու են քաղաքապետարանի կողմից:  Աշխատանքները կմեկնարկեն հիմա և կավարտվեն մինչև տարեվերջ:

«Շնորհակալություն եմ հայտնում այն բարեգործներին, ովքեր կանգնած են Գյումրի քաղաքի կողքին  և  ում շնորհիվ արդեն երրորդ անգամ իրականացնում ենք այս ծրագիրը»,-ասաց Գյումրու  քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանն էլ իր կողմից նշեց, որ սա բարեգործական  կազմակերպության լավագույն և հաջողված ծրագրերից է: «Այս ծրագիրը չէր կարող կյանքի կոչվել, եթե չլիներ  փոխադարձ վստահությունը քաղաքապետարանի հետ: Ի դեպ, սա  ավելի լուրջ ներդրումային ծրագրերի մեկնարկ կարելի է համարել, քանի որ բարերարները պատրաստակամություն են հայտնում ավելի լուրջ ծրագրեր իրականացնելու»,-հավելեց Հրահատ Ստեփանյանը:

Նշենք, որ ԱՌԴԱ-ի աջակցությամբ Գյումրիում  2017 թվականին շահագործման էր հանձնվել 11 բնակարան, ևս 12  բնակարան շահագործման էր հանձնվել 2018  թվականին: