ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում կայացավ հաղթանակին նվիրված «Անմահ գնդի» տոնական երթը։
Ի տարբերություն անցած տարիների, այս տարի այն բավական մարդաշատ էր: Ինչպես գյումրեցիներն, այնպես էլ Շիրակի մարզի մյուս համայնքների բնակիչները Մեծ Հայրենականին մասնակից իրենց հարազատների լուսանկարներով հավաքվել էին Գյումրու «Վարդանանց» հրապարակում: Տարբեր ճակատագրեր, տարբեր ուղիներ, սակայն նրանց մեկ բան էր կապում` Հայրենական մեծ պատերազմը:
Վարդուհի Սուքիասյանն իր հետ բերել էր քեռիների լուսանկարները՝ 18 ու 20 տարեկանում Պատվականն ու Պարգևը մեկնել են ռազմաճակատ: Երկուսն էլ զոհվել են Կերչում: Սերժանտ ու ավագ սերժանտ կոչումներով քեռիների մասին Վարդուհին լսել է մայրիկից: Եղբայրները ռազմաճակատ էին մեկնել Վահրամաբերդից: «Մայրս հիմա չկա: Սա լավ առիթ է հիշելու իմ քեռիների սխրագործությունը ու պատմելու նրանց մասին»,-նշեց Վարդուհին:
Ի հիշատակ հայրիկի՝ Մարիամ Թադևոսյանը երթին մասնակցում էր հոր՝ Արամ Թադևոսյանի լուսանկարով: Մարիամի հայրն այն հերոսների շարքում էր, որոնք հասել են մինչև Բեռլին ու հայկական քոչարի պարել: «Հայրս 20 տարեկան էր, երբ պատերազմ գնաց հայրենի Արևիկ գյուղից: Թամանյան դիվիզիայում էր ու մինչև պատերազմի վերջին օրը եղել է ռազմաճակատում: Հրետանավոր էր: Պատերազմից տուն էր վերադարձել դեմքի սպիով ու դառը հուշերով»,-հպարտությամբ իր հայրիկի մասին պատմեց Մարիամը:
«Անմահ գունդ» հիշատակի միջոցառմանն էր մասնակցում նաև Ալեքսանդրան՝ իր Բալաբեկ պապիկի լուսանկարով: «Պապիկս մինչև Լեհաստան է հասել, ծանր վնասվածք է ստացել ու տեղափոխվել է հոսպիտալ, դրանից հետո չի շարունակել իր մարտական ուղին, բայց իր լուման ու ներդրումն է ունեցել հաղթանակի գործում: Հպարտ եմ ու ուրախ»,-Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Ալեքսանդրա Թովմասյանը՝ փաստելով, որ մարդկանց մոտ նորովի է արթնացել հայրենասիրական ոգին:
Հավելենք, որ բացի մեծ Հայրենական պատերազմի մասնակիցների նկարներից, երիտասարդները իրենց հետ վերցրել էին նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս հայորդիների լուսանկարները: «Վարդանանց» հրապարակում շքերթին մասնակցելուց հետո «Անմահ գնդի» մասնակիցները քայլեցին «Մայր Հայաստան» հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ: