ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Վարչապետը տեղյակ է եղել, որ պետական վերահսկողության ծառայությունը դիալիզի գործով ուսումնասիրություններ է կատարում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։
Հարցին, թե կաշկանդվածություն ունեցե՞լ է որևէ տեղ, այդ թվում ազգային անվտանգության ծառայությունում ստուգումներ իրականացնելու առնչությամբ` նա պատասխանեց, որ իրենք կաշկանդվածությամբ չեն առաջնորդվում:
«Մեր կառույցի ղեկավարումն իրականացնում է կառույցի ղեկավարը, կառավարումը` վարչապետը, մենք էլ վարչապետի հետ համաձայնեցնում ենք: Դա օրենքի պահանջն է: Մենք նման խոսակցություն չենք ունեցել ԱԱԾ–ում ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ, սակայն երեկ վարչապետն էլ ասաց, որ այնպես չի, որ դա բացառված տարածք է»,–ասաց Սանասարյանը։
Նշենք, որ Քաղաքացու օրվա տոնակատարությունների ժամանակ Դավիթ Սանասարյանը ասել էր, որ չի բացառվում, որ ՊՎԾ ուսումնասիրություններ իրականացնի ուժային մարմիններում, այդ թվում` ԱԱԾ–ում։
Հիշեցնենք, որ օրերս Դավիթ Սանասարյանն ասուլիսի ընթացքում ասել էր, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։
Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։ ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել էր նաև ժամանակավորապես դադարեցնել նրա պաշտոնավարումը` ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։
Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։ Սանասարյանի փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն` քրեական գործի վարույթը ԱԱԾ–ից այլ քննչական մարմնի վարույթ տեղափոխելու հարցով։