ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նշենք, որ Hraparak.am–ը գրել էր, որ կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել. 2 օր առաջ «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց է ներարկվել թվով 6 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած. միայն լույսն ու ստվերն են տարբերել։
«Պացիենտների մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում։ Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Պարզվում են դրա պատճառահետևանքային կապերը։ Սակայն հերքվել է նրանց` տեսողությունը կորցնելու փաստը։ Պետք է նշել նաև, որ նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, և վերջիններիս առողջությանը վտանգ չի սպառնում»,–գրել է Նիկողոսյանը։
Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ ԱՆ տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին։ Վերջինս հանդիպել է պացիենտներից մեկին, խոսել է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի հետ՝ նրանք հերքել են կուրության փաստը։ Կենտրոն են այցելել նաև դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետները՝ պարզելու մանրամասները ։
Հանձնարարվել է օպերատիվ կերպով ներկայացնել արդյունքները, միաժամանակ կենտրոնից պահանջվել է զեկուցագիր՝ տեղի ունեցածի վերաբերյալ։