Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել բանտից

ՀՀ երկրորդ նախագահը շնորհավորել է Բակո Սահակյանին և խաղաղություն ու բարօրություն մաղթել Հայաստանի ու Արցախի ժողովրդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր` մայիսի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։ Քոչարյանի ուղերձը հրապարակվել է Facebok սոցիալական ցանցի իր էջում։

Դատախազը պետք է րոպե առաջ որոշում կայացներ. Բալասանյանը` Արցախի նախագահների դիմումի մասին

«Շուշիի ազատագրումը խորհրդանշում է հայերիս անկոտրում կամքը՝ կառուցելու ինքնիշխան պետություն, պահպանելու ազգային ինքնությունը, ապահովելու ազատ զարգացումը։ Մեր կատարած պատմական ընտրությունն անբեկանելի է։ Դրա ապացույցն է պատերազմի բոհում ծնված ԼՂՀ Պաշտպանության բանակի, պետական կառույցների և ընդհանուր առմամբ Արցախի Հանրապետության կայացումը։ Այս տոնը կերտեցին առաջին հերթին նրանք, ովքեր հերոսացան մարտի դաշտում։ Շենացնելով Արցախը՝ մենք կատարում ենք նաև մեր նահատակված ընկերների պատվիրանը: Խաղաղություն և բարօրություն եմ մաղթում Հայաստանի և Արցախի ժողովրդին»,– նշված է ուղերձում։

Հիշեցնենք, որ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանը մայիսի 7-ին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով: Դատախազությունը, սակայն, պատասխանել էր, որ իրենց հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից։