Պատերազմ և հավատարմություն. ինչպես է «մամա-տատիկս» սովորեցրել մեզ հիշել ու սիրել

Նախատատս` Թերեզան, վաղուց արդեն մեզ հետ չէ, բայց նա անջնջելի հետք է թողել իմ կյանքում: Նրա շնորհիվ ես գիտեմ խաղաղության գինը:
Sputnik

Երբ ես ծնվել եմ, նախատատս` Թերեզան, 80-ն անց էր: Նրբակազմ, նիհարիկ կին էր` բաց գույնի աչքերով և արծվաքիթ: Նա կոշտ բնավորության տեր էր, բայց շատ քնքուշ՝ իր բոլոր հետնորդների հետ շփման մեջ:

Երկարակեցության գաղտնիքը բացահայտել է Մեծ Հայրենականի 101–ամյա վետերանը

Թոռներն ու ծոռները նրան փաղաքշաբար ասում էին «մամա-տատի»:  Նա մոտը միշտ կոնֆետներ էր պահում և ամեն անգամ հյուրասիրում էր մեզ, իսկ ավելի մեծերին փող էր հասնում: Այդ նուրբ կնոջ շնորհիվ մենք մանուկ հասակից գիտեինք, թե ինչ են պատերազմն ու հավատարմությունը: Այո, իմ, եղբայրներիս, քույրերիս, ազգականներիս ընկալման մեջ պատերազմը միշտ ասոցացվելու է հավատարմության հետ:

Երբ նա մեր տուն էր գալիս, հանում էր նախապապիս` Պետրոսի լուսանկարը, որին ամբողջ կյանքում Պետուշ է ասել և սկսում պատմել, որ նրան վերջին անգամ տեսել են Կերչում, դրանից հետո նա անհետ կորել է: Մամա-տատին չէր ուզում հավատալ, որ սիրելի ամուսինը մահացել է, և վստահ էր, որ նա չէր լքի ընտանիքը: Երբ ամուսնուն տարել են ռազմաճակատ, նա քսան տարեկան է եղել և մենակ է մնացել երեք որդիների հետ, ամենափոքրը դեռ կրծքի երեխա էր: Ամուսնու ազգականների ապրուստն էլ ծանր էր, իսկ «Մամա-տատիի» ընտանիքը խզել էր իր հետ բոլոր հարաբերությունները: Չէ՞ որ նա խախտել էր հայկական ավանդույթները և ծնողների կամքին հակառակ, չսիրած մարդու հետ նշանադրության օրը, փախել էր մեր նախապապի հետ:

Պատերազմում կորցրել էր աչքը, բայց ոչ անցյալի հիշողությունը. արցախցի Ստեփանիչի մասին

«Մենք ձիով փախանք, իսկ եղբայրներս ընկան մեր հետևից: Նրանք նույնիսկ կրակում էին, չէ՞ որ ավելի լավ էր մահացած քույր ունենալ, քան իրենց պատիվն արատավորող: Բայց երբ մենք հասանք Պետուշի գյուղ, նրանք հետ գնացին և երդվեցին մոռանալ իմ գոյության մասին, հայրս էլ այդպես վարվեց: Մայրս վաղուց էր մահացել», - նա այդ պատմությունը մի հազար անգամ պատմել է բոլորիս:

Նրա հայրը պահել է խոստումը, բայց եղբայրները չեն կարողացել և ամեն անգամ օգնության են եկել սիրելի քրոջը: Ինչով կարողացել են, օգնել են. հացով, փայտով, միայն թե չեն կարողացել հաշտեցնել հոր հետ: Եղբայրները փորձել են համոզել նրան վերադառնալ հայրական օջախ, բայց նա համառորեն չի վերադարձել` ընտրելով դժվարին ուղին:

«Ավելի լավ է` երեխաներս իրենց գյուղում հերոսի քաղցած տղա լինեն, քան անհայր ու կուշտ՝ ձեր գյուղում», – ասում էր նա:

Նա միշտ լուրջ պատասխանում էր թոռների կատակներին, որ նախապապը վաղուց ամուսնացել է ռուս գեղեցկուհու հետ, հավաստիացնելով, որ նույնիսկ դա կների: Նրան հունից հանում էր հարցը, թե ինչու այլևս չի ամուսնացել:

Մեզանից յուրաքանչյուրի մեջ որոնում էր ամուսնու գծերը. ավագը բարդ բնավորություն ունի, միջնեկը հասակով է նման, կրտսերը` դեմքով, նույնը նաև թոռների ու ծոռների հետ:

Չնայած պատկառելի տարիքին` մինչև վերջ հույս ուներ, որ կտեսնեիր Պետուշին: Անգամ՝ գոնե այն աշխարհում: