Փաշինյանի ասածը սխալ եք հասկացել. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտգործնախարարը խոսել է Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի Փաշինյան–Ալիև հնարավոր հանդիպման և Հայաստան–Արցախ ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում ժողովրդի տեսակետը նույնպես պետք է հաշվի առնել։

«Եթե վարչապետն ասել է, որ ժողովուրդը պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի բանակցության գործընթացին, դուք պատկերացնում եք, որ ժողովուրդը պետք է գնա, բանակցություններին մասնակցի՞։ Դուք սխալ եք հասկանում վարչապետի ասածը, պետք է մի փոքր ավելի ուշադրություն դարձնել` ինչպես է աշխատում համակարգը։ Կա կառավարություն, որն ունի ժողովրդից ստացած իր մանդատը։ Կառավարությունն իր վրա պատասխանատվություն է վերցրել և իր գործը պետք է մինչև վերջ անի։ Վարչապետը խոսում էր սկզբունքի մասին, քանի որ ենթադրում է, որ գործընթաց էր գնում, որը կարող է ժողովրդից կտրված լինել»,–ասաց նախարարը։

Խոսելով ժողովրդի կարծիքն իմանալու տարբերակների մասին` նա նշեց, որ դրա համար տարբեր ձևեր կան` չմանրամասնելով` որոնք են դրանք։

Միջնորդները կողմ կլինե՞ն, որ Արցախը լինի բանակցություններում. պարզաբանում է Մնացականյանը

Հարցին, թե հնարավո՞ր է վարչապետը Բրյուսելում հանդիպի Ադրբեջանի նախագահի հետ, Մնացականյանը պատասխանեց, որ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ։ Սակայն, ըստ նրա, երկու երկրների նախագահներն էլ նույն տեղում են լինելու` իրար կտեսնեն։

Հաջորդ շաբաթ Բրյուսելում «Արևելյան գործընկերության» տասնամյակն է նշվելու, որին ներկա է լինելու նաև Փաշինյանը։

Անդրադառնալով Հայաստան–Արցախ ռազմաքաղաքական դաշինք ստեղծելուն` Մնացականյանը նշեց, որ Հայաստանն ու Արցախն ունեն բավական հստակ ձևավորված խոր համակարգ։ «Հայաստանը եղել ու մնում է Ղարաբաղի անվտանգության միակ երաշխիքը, Լեռնային Ղարաբաղի հարցում էլ մեզ համար կարևոր է մեր 150 000 հայրենակիցների անվտանգության խնդիրը»,– ասաց նախարարը։

Մնացականյանը վստահեցրեց, որ մենք ունենք բազմաթիվ գործիքներ` ապահովելու անվտանգության երաշխավորման գործառույթը։