Մեկ րոպե լռություն ու զորահանդես. ինչպես Հաղթանակի տոնը նշեցին Գյումրիում

Գյումրիում կազմակերպված տոնակատարությանը մասնակցեին Հայաստանի Զինված ուժերի և 102-րդ ռուսական ռազմակայանի զինվորականները։
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Գյումրու Վարդանանց հրապարակում այսօր կայացավ հայ-ռուսական զորամիավորումների համատեղ շքերթը: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի Շիրակի մարզի զորամասերի և ՀՀ ռազմական դաշնակից ՌԴ ԶՈՒ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զորամասերը, սահմանապահ ջոկատը:

Մեկ րոպե լռություն ու զորահանդես. ինչպես Հաղթանակի տոնը նշեցին Գյումրիում

Հաղթանակի մարտական դրոշի մուտքն ազդարարեց համատեղ շքերթի մեկնարկը: Շքերթի հրամանատարն էր ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովը, իսկ շքերթն ընդունեց ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը: Շքերթին ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, Շիրակի թեմի առաջնորդը, վետերանները: Մինչ զորամիավորումների քայլերթը, բոլորին ողջունեց միացյալ խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

«74 տարի է անցել այն օրից, ինչի շնորհիվ խորհրդային ազգի հերոսական պայքարի հաղթականորեն ավարտվեց պատմության ամենաարյունալի պատերազմը: Այս հաղթանակին խորհրդային ժողովուրդը գնաց երկար ու ձիգ 4 տարի, որը խլեց 27 մլն մարդու կյանք: Փառք բոլոր հերոսներին»,– ասաց նա:

Տոնի առթիվ բոլորին ողջունեց նաև ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովը։

Մեկ րոպե լռություն ու զորահանդես. ինչպես Հաղթանակի տոնը նշեցին Գյումրիում

«Հարգելի վետերաններ, սիրելի գյումրեցիներ և զինակիցներ, բոլորին ողջունում ու շնորհավորում եմ Մեծ Հայրենականի հաղթանակի առթիվ: Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի անունից շնորհավորում եմ վետերաններին նրանց քաջագործության համար, նաև խոնարհվում եմ այն մարդկանց շիրիմների առջև, ովքեր չզգացին հաղթանակի բերկրանքը»,- նշեց հրամանատարը՝ բոլորին կոչ անելով 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի շնորհավորական ուղերձներից և ՀՀ և ՌԴ օրհներգերից հետո հրապարակն առաջինը մտնելու պատիվը Մեծ հայրենականի պատերազմ մեկնածների հանդերձանք հագած զինվորներինն էր:

Մեկ րոպե լռություն ու զորահանդես. ինչպես Հաղթանակի տոնը նշեցին Գյումրիում

Հայ-ռուսական զորամիավորումների քայլերթից հետո հրապարակ մտավ նաև 102-րդ ռազմաբազայի մարտական նշանակության տեխնիկան: Շարասյունը գլխավորում էին ԲՌԴՄ-2 հետախուզադիտական մարտական մեքենաները՝ համալրված կառավարվող հակատանկային ռեակտիվ արկերով: Ցուցադրվեցին նաև ցանկացած պայմաններում արդյունավետ կապ ապահովվող հրամանատարային-կառավարման մեքենաները, ԲՄ-21 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որի նախատիպը հանդիսանում է լեգենդար «Կատյուշան», ինչպես նաև ՄՏ-12 հակատանկային հրետանային ստորաբաժանումները:

Շքերթի ներկաներին իրենց հմտություններով ու պատրաստականությամբ ուրախացրին նաև ՀՀ ԶՈՒ հատուկ ջոկատի զինվորները: Հայրենական Մեծ պատերազմի 74–ամյակին նվիրված տոնական շքերթը եզրափակեց Անմահ-գունդը. գյումրեցիները բերել էին պատերազմում զոհված իրենց հարազատների նկարները:

Մայիսյան հաղթանակների առթիվ այսօր բազմամարդ էր նաև Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը: Գյումրու «Վարդանանց» հրապարակում կայացած հայ-ռուսականզորամիավորումների համատեղ շքերթից հետո մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, զինվորականները եղան «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում` հարգելով Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը՝ ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ: