Ճապոնական ուժն առաջինն իր «մաշկին» զգաց «Վարդանանց» արձանախումբը

Մայիսյան եռատոնին մեծ նվեր ստացան շիրակցի փրկարարները: Անսարքին ու շատ հին մեքենաների ու ծակ խողովակների փոխարեն շիրակցի փրկարարներն այսուհետ բնակչությանը կծառայի տեխնիկապես վերազինված ճապոնական մեքենաներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային կառույցին տրամադրվեց նոր 6 հրշեջ մեքենան  և 1 ավտոսանդուղք: Սա Հայաստանին Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության տրամադրած տեխնիկայի մի մասն է:

Զոհված հարազատների լուսանկարներով. Գյումրիում «Անմահ գնդի» երթը մարդաշատ էր

«Մեր բազան 21-րդ դարում առաջին անգամ է թարմացվում: Առաջին փուլով Շիրակի մարզի համար ստացել ենք 6 մեքենա, իսկ սեպտեմբերին ստանալու ենք ևս 7 հրդեհաշիջող մեքենա: Մեր մարզի տեխնիկան արդեն շատ հին էր, բարդ էր աշխատանքների կազմակերպումը, իսկ ամեն հրդեհից հետո կատարում էինք մեքենաների վերանորոգում: Սա մեր մարզի համար փրկություն է, սեպտեմբերին, ևս 7 մեքենա ստանալով մեր բազան 100 տոկոսով կլրացվի»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը՝ տեղեկացնելով, որ ճապոնացի մասնագետները նաև վերապատրաստում կանցկացնեն Շիրակի մարզում:

Նոր մեքենաներն ունեն մի շարք առավելություններ՝ տեխնիկական հնարավորություններն են շատ և ավելի ապահով են հենց փրկարարների համար:

«Այս նոր մեքենաները կնպաստեն հրդեհաշիջման աշխատանքները մի կողմից որակյալ, մյուս կողմից հենց փրկարարների համար անվտանգ կազմակերպելուն: Մեքենաները ոչ միայն թեթև  են, այլ նաև համալրված են անհրաժեշտ բոլոր պարագաներով, իսկ ավտոսանդուղքն աննկարագրելի հնարավորություն ունի՝ ավելի քան 28 մետր բարձրանալու հնարավորությամբ: Մեքենաները համալրված են նաև օդի սնուցման համակարգերով: Տրամադրվել է նաև հրշեջ համազգեստ»,- նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Մեկ րոպե լռություն ու զորահանդես. ինչպես Հաղթանակի տոնը նշեցին Գյումրիում

Ավտոսանդուղքի հնարավորությունները գյումրեցիները տեսան հենց տեղում՝ 28 մետր 30 սմ բացվող սանդուղքից հրշեջները ջրով լվացին «Վարդանանց» արձանախումբը:

Հիշեցնենք՝ 2017թ. սեպտեմբերի 7-ին Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև ստորագրվեց 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք և 1 կարգավար մեքենա տրամադրելու մասին դրամաշնորհային համաձայնագիր: Ծրագրի ընդհանուր արժողությունն ավելի քան 14 մլն ԱՄՆ դոլար է: Ծրագրով նախատեսված տեխնիկայի երկրորդ խմբաքանակը (22 հրշեջ մեքենա) պլանավորվում է տրամադրել այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: