Դեղը գրանցված է եղել. նոր մանրամասներ միջադեպից և պարզաբանում կողմերից

6 քաղաքացու «Նատալի ֆարմից» գնված դեղ են ներարկել ու նրանց մոտ հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիս — Sputnik. Դեղը գրանցված է եղել և այժմ Դեղերի փորձագիտական կենտրոնը փորձաքննություն է իրականացնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը` խոսելով այսօր հայտնի դարձած տարօրինակ դեպքի մասին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել. 2 օր առաջ «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց է ներարկվել թվով 6 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած. միայն լույսն ու ստվերն են տարբերել։

«Առողջապահության նախարարությունն այսօր իր «Թեժ գծին» ահազանգ է ստացել, որ գանգատներով 6 քաղաքացի Մալայան են դիմել։ Մալայան է այցելել ԱՆ տեղակալ Լևոն Հակոբյանը, և պարզվել է` պացիենտների մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում։ Սրսկումը կատարվել է վիրահատությունից առաջ, հետո նրանք վիրահատվել են»,–ասաց Նիկողոսյանը։

Երկրում շրջանառվող դեղերի որակը վերահսկելու նոր գործիք է հայտնվել, որը քո գրպանում է

Նրա խոսքով` հետսրսկումային ինֆեկցիայի պատճառները մի քանիսը կարող են լինել։ Իսկ թե որքանով կարող է քաղաքացիներին ներարկված դեղն ինֆեկցիայի պատճառ լինել` դեռ ոչինչ ասել չեն կարող։ «ԱՆ փոխնախարար Լևոն Հակոբյանի հետ այդ պացիենտներին բուժող բժիշկն ու բաժանմունքի վարիչն է խոսել։ Բժիշկները հավաստիացրել են, որ պացիենտների մոտ տեսողության կորուստ չկա։ Բացի այդ, փոխնախարարը պացիենտներից մեկին է հանդիպել, ով նույնպես ասել է, որ իր մոտ տեսողության կորուստ չկա»,–ասաց Նիկողոսյանը։

Նա հավաստիացրեց, որ 6 քաղաքացիների առողջությանը վտանգ չի սպառնում։

Դեպքի առնչությամբ «Նատալի ֆարմը» պարզաբանում է տարածել` ասելով, որ Avastin դեղամիջոցը նախատեսված չէր ներակնային ներարկման համար։

«Պետք է փաստենք, որ տվյալ դեղամիջոցը ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների՝ նախատեսված չէ ներակնային ներարկման համար և, եթե բժիշկը ստանձնում է դրա ներարկումը, ապա ինքն է ամբողջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությունների պատասխանատվությունը։ Բացի այդ, դեղի մեկ սրվակի պարունակությունը կարող է կիրառվել մի քանի հիվանդի համար, սակայն, դեղը պետք է կիրառել անմիջապես սրվակը բացելուց հետո և դեն նետել։ Եթե պրոցեդուրան չի արվել նույն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օրվա ընթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխանցվել»,–ասված է ընկերության հայտարարության մեջ։

Նշված հետազոտությունը, ըստ ընկերության, հավանաբար, արվել է հենց տվյալ բաց սրվակից, սակայն, փակ սրվակն ուսումնասիրելու պարագայում, եթե կրկին հաստատվի վարակի առկայությունը, ինչը քիչ հավանական է, ապա անհրաժեշտ կլինի խնդիրը ներկայացնել ոչ թե «Նատալի ֆարմին», այլ անմիջապես դեղն արտադրողին՝ շվեյցարական «Ռոշ» ընկերությանը։

Ընկերության խոսքով` ցանկացած դեպքում իրենք ոչ մի պատասխանատվություն չեն կրում, քանի որ այն հանդիսանում են զուտ ներկրող ընկերություն։

Մալայանի ակնաբուժական կենտրոնն էլ իր հերթին հայտարարություն է տարածել` ասելով, որ այս պահին սրսկումից զարգացած բորբոքումների պատճառները դեռ պարզ չեն։