Դատախազը պետք է րոպե առաջ որոշում կայացներ. Բալասանյանը` Արցախի նախագահների դիմումի մասին

Վիտալի Բալասանյանը խոսել է Արցախի երկու նախագահների` Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դիմումի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի կարծիքով` եթե Արցախի երկու նախագահները դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, ապա դատախազը պետք է հարգեր այդ դիմումն ու րոպե առաջ որոշում կայացներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բալասանյանը։

Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով: Դատախազությունը, սակայն, պատասխանել էր, իրենց հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից։

«Արցախի նախագահների դիմումն այն մասին չէր, որ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը կասեցնեին, այլ նրանք ուզում էին, որ գոնե այս օրերին` հաղթանակի օրը, բոլոր նախագահները ներկա գտնվեին տոնական միջոցառումներին։ Կարծում եմ` դատախազությունը ճիշտ չարեց»,–ասաց Բալասանյանը։

Հիշեցնենք, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հայտարարել էին, որ պատրաստ են հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։