ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Արարատի մարզում սպանություն է տեղի ունեցել։ Մայիսի լույս 9-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմանում, մի տղամարդ «Մասիս» բժշկական կենտրոն է հասցրել մի կնոջ։ Հիվանդանոցի բակ իջած բժիշկները բացել են մեքենայի դռներն ու տեսել, որ կինը մահացած է։
Մարմնի տարբեր մասերին վնասվածքներ են եղել։ Բժիշկները դին մեքենայից չեն էլ հանել և կատարվածի մասին տեղեկացրել են տարածքային ոստիկանությանը։
Ժամանած իրավապահները մեքենայի վարորդին սպանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Մասիսի ոստիկանություն։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երիտասարդը 26 տարեկան է և ապրում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Նախնական վարկածով՝ երիտասարդն ու հիվանդանոց տեղափոխված աղջիկը սովորականի նման հանդիպել են, քանի որ ընկերություն են արել։
30-ամյա աղջիկն ապրում էր Արտաշատ քաղաքում։ Ամենայն հավանականությամբ՝ երիտասարդը նրան տուն տանելիս է եղել, երբ վեճ է սկսվել։
Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ նրանց հարաբերությունները վերջերս լարված են եղել, քանի որ երիտասարդը ուրիշ ընտրյալ է ունեցել, որի հետ մոտ ժամանակներս պետք է ամուսնանար։ Երիտասարդը մեքենան կանգնեցրել է Այնթապ գյուղի տարածքում և սկսել ձեռքերով, ոտքերով, ձեռքի տակ եղած խողովակով ու երկաթե բանալիով բազմաթիվ հարվածներ հասցնել աղջկան։
Որոշ ժամանակ անց տեսել է, որ աղջիկը գիտակցությունը կորցրել է, ուստի նրան հասցրել է հիվանդանոց, բայց նա արդեն մահացած է եղել։