Զախարովան խոսել է Երևանում Ռոդնինայի անվան դպրոցը վերանվանելու մասին

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը խոստացել է, որ իրենք համապատասխան գնահատական կտան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ–ն գնահատական կտա Երևանում Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի անվանափոխության վերաբերյալ նորությանը ծանոթանալուց հետո։ Ամեն շաբաթ անցկացվող ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես այդ հաղորդագրությունները չեմ տեսել, կնայեմ, և մենք համապատասխան գնահատական կտանք», – ասել է Զախարովան` պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։

Երևանի ավագանին մայիսի 8-ին «Լույս» ընդդիմադիր խմբակցության առաջարկով վերանվանել է Օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը։

Այս նախաձեռնությունը կապված է Ռոդնինայի` Բաքու կատարած այցի հետ, որտեղ նա մյուս ռուսաստանցի խորհրդարանականների և փորձագետների հետ մասնակցել է Խոջալուի դեպքերին նվիրված երթին, մի շարք հայտարարություններ արել թեմայի վերաբերյալ, որոնք «Լույսը» գնահատում է որպես «վիրավորական հայ ժողովրդի համար»։ «Մոսկվա–Բաքու» պարբերականին տված հարցազրույցում անվանի գեղասահորդուհի և պատգամավոր Իրինա Ռոդնինան խորհուրդ է տվել հայ հասարակությանը հետևություններ անել Խոջալուի դեպքերից։

Երևանի ավագանին անվանափոխեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը

Ռոդնինան հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ է։ Երևանն անմիջապես արձագանքել էր ռուսաստանցի խորհրդարանականների մասնակցությանը։

ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը Մոսկվայում Դաշնային խորհրդի լիագումար նիստում ասել էր, որ հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունն ակցիային տարակուսանք է առաջացնում։

Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցը Երևանում բացվել է 2015 թվականի դեկտեմբերին։