Խորհրդարանը հաստատեց կառավարության նոր կառուցվածքի մասին օրինագիծը

Կառավարության ներկայացրած նախագծին կողմ քվեարկեցին միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ ազգային ժողովը բուռն քննարկումներից հետո ընդունեց կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին օրենքի նախագիծը:

Կառավարության առաջարկած օրինագծին կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 1:

«Սանիթեքն» իր աշխատակիցներին հասանելիք գումարը չի վճարել. գործին «խառնվել» է ՄԻՊ–ը

Քվեարկությունից առաջ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու առաջարկված նախագծին:

Հիշեցնենք` նոր օրենքով ՀՀ կառավարությունը կազմված է լինելու հետևյալ նախարարություններից` Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն իրավական ուժ կստանան ՀՀ նախագահի վավերացումից հետո։